Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում դեկտեմբերի 24-ից 26-ը անցկացվեցին Ամանորին և Սուրբ ծննդյան տոներին նվիրված միջոցառումներ:
Տոնական մթնոլորտն ու ամանորյա տրամադրությունը համախմբել էր կենտրոնի սաներին, հարակից կրթական հաստատությունների փոքրիկներին, ծնողներին և մանկավարժներին:
Նախատոնական միջոցառումները մեկնարկվեցին «Հեքիաթային ամանորյա հանդես» խորագրով բեմականացմամբ: Մասնակիցները հայտնվել էին հեքիաթային աշխարհում, որտեղ իրականանում էր մանուկների երազանքները։ Հեքիաթի տարբեր հերոսների կերպարանքով սաները ցույց տվեցին, թե ինչպես կարելի է կամակոր աղջնակին վերափոխվել՝ դարձնելով բարի, հանդուրժող և սիրալիր արքայադուստր:
Կենտրոնի սաներն իրենց ելույթներով ներկաներին պարգևեցին բարձր տրամադրություն և անմոռանալի պահեր։
Տոնական աշխուժությունը շարունակում էր թևածել կենտրոնում: Կրթօջախի 5-ից 9-ը տարեկան փոքրիկներն էլ պատրաստել էին «Ամանորի հրաշքը» խորագրով միջոցառումը: Անտառի գազանիկների կերպարների մարմնավորմամբ սաները ներկայացրեցին չարի ու բարու պայքարը, ինչպես նաև ներողամիտ լինելու, բարի արարքներ գործելու կարևորությունը: Իսկ Ձմեռ պապի ու Ձյունանուշի մուտքը սաների հեքիաթը դարձրեցին իրականություն` խինդ, ուրախություն և ժպիտներ պարգևելով նրանց:
Միջոցառումների շարքը եզրափակվեց դիմակահանդեսով, որին մասնակից դարձան կենտրոնի 14-18 տարեկան պատանիները: Սաները ներկայացան պարային բեմադրություններով, թեմատիկ երգերով, զվարճալի խաղերով և մրցութային համարներով:
Թող 2019 թվականը լինի հրաշքներով ու սպասումներով լի… Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Հ. Սարգսյան
27/12/2018