You are here

«Ընտանիք» կենտրոն. Գյումրին ապրում է... հոգևոր երգերը վերհառնում...մարդասիրությունն արմատանում

Դեկտեմբերի 6-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակը մասնակցեց ՀՀ Շիրակի մարզպետարանի կողմից կազմակերպված Հոգևոր երգերի մարզային 4-րդ փառատոնին՝ նվիրված 1988 թվականի երկրաշարժի անմեղ զոհերին: Միջոցառումն անցկացվեց Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում` մարզի երաժշտական և արվեստի դպրոցների, մանկապատանեկան կենտրոնների երգչախմբերի և այլ անհատ կատարողների մասնակցությամբ:  
Փառատոնին մասնակցելու նպատակն էր սաներին հաղորդակից դարձնել հոգևոր ստեղծագործություններին, նպաստել մասնագիտական փորձի ձեռքբերմանը, հարգանքի տուրք մատուցել 1988թ. աղետյալ երկրաշարժի նահատակներին: 
Հնչեցին բազմաթիվ հոգեցունց կատարումներ, որոնց ականջալուր դարձավ հավատավոր ժողովուրդը: Փառատոնի ընթացքում «Ընտանիք» կենտրոնի երգարվեստի խմբակը և ղեկավար Արևիկ Թանաշեանը հանդես եկան «Մայր և կույս», «Գոհար վարդն», «Այսօր ցնծան» հոգևոր երգերով: Սաների ելույթը տպավորիչ էր և ազդեցիկ: 
Շիրակի մարզպետի խորհրդական, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի ձեռամբ ՀՀ Շիրակի մարզպետարանի կողմից պատվոգրեր շնորհվեցին ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակին և օպերային երգչուհի,  բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, «Ընտանիք» կենտրոնի երգարվեստի խմբակի ղեկավար Արևիկ Թանաշեանին: 
Հասմիկ Կիրակոսյանն առանձնակի գովեստով անդրադարձավ  «Ընտանիք» կենտրոնի նորաստեղծ երգարվեստի խմբակի կատարմանը: 
Միջոցառումից հետո կենտրոնի սաները, մանկավարժական հանրույթը Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցի առիթով եկեղեցում աղոթք մրմնջացին, մոմեր վառեցին և ծաղիկներ խոնարհեցին «Վերածնունդ» հուշակոթողի առջև:  
Սաները տուն դարձան վերաիմաստավորված ուխտով՝ հիշելու, աղոթելու, ապրելու և արարելու, վեր հառնելու ձգտումով:
Դեկտեմբերի 7-ի նախօրեին հնչած բոլոր կատարումները դարձան ձոն՝ հիշատակ անմեղ զոհերի...:  
 
 
Ս. Էլբակյան
      
06/12/2017