You are here

«Ընտանիք» կենտրոն. Ուսումնական տարվա ամփոփում

ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հուլիսի 1-ից 7-ը ամփոփեց  2016-2017 ուսումնական տարին: Քննության առնվեցին մասնագիտական խմբակների իրականացրած տարեկան գործունեությունը, սաների ցուցաբերած արդյունքները: 
Այս տարին ևս արգասաբեր էր և արդյունավետ: Դրա մասին էին վկայում տարբեր բնագավառներում սաների ձեռքբերումները. պարարվեստ, երգարվեստ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, նկարչական արվեստ, շախմատ, կյոկուշինկայ կարատե: Միջազգային, հանրապետական ու մարզային մրցույթներում և մի շարք մրցաշարերում սաները գրանցել են լուրջ հաջողություններ` զբաղեցնելով մրցանակային բարձր հորիզոնականներ: 
Կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեցին և իրականացվեցին  քաղաքային, մարզային և տարածաշրջանային մի շարք տարաբնույթ միջոցառումներ, որոնք կարևոր դերակատարություն  ունեցան սաների կրթադաստիարակչական աշխատանքների իրականացման գործընթացում, նպաստեցին ռազմահայրենասիրական դաստիարակությանը, մասնագիտական գիտելիքների ամրապնդմանը, ինչպես նաև ստեղծագործական ունակությունների զարգացմանը:
Հուլիսի 6-ին «Ընտանիք» կենտրոնում կայացած հաշվետու համերգին իրենց գեղարվեստական ելույթներով ներկայացան կենտրոնի և համայնքներում գործող պարարվեստի, ազգագրական երգ ու պարի, դուդուկի, մարտական, թատերական արվեստի, հագուստի մոդելավորման և վարսավիրական արվեստի խմբակների սաները: Գիտելիքների ստուգում, հաշվետու ելույթներ, ցուցահանդեսներ անցկացվեցին նաև Շիրակի մարզի Աշոցք, Գոգհովիտ, Թորոսգյուղ, Երազգավորս, Ցողամարգ գյուղական համայնքներում: Սաները հանդիսատեսի դատին հանձնեցին ուսումնական տարվա ընթացքում իրենց յուրացրած գիտելիքները, կարողությունները և կատարողական հմտությունները։ Տեսանելի էր մանկավարժների և սաների քրտնաջան աշխատանքի արդյունքը: Գնահատանքի և շնորհակալական խոսքեր հնչեցին կենտրոնի տնօրինությանը և աշխատակազմին՝ անշահախնդիր և անձնվեր աշխատանքի համար: 
«Այստեղ ես իսկապես գտա ընտանեկան ջերմություն, իսկ տղաս կարողացավ իր սիրած բնագավառում ինքնադրսևորվել, գտնել իրեն: Այստեղ նրան շատ սիրեցին, ինքն էլ շատ սիրեց իր մանկավարժներին և բոլոր պարապմունքներին սիրով հաճախում է: Շնորհակալություն տնօրինությանը»,- նշեց իր խոսքում ծնող Մարգարիտ Մանուկյանը:
Կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը խրախուսական պատվոգրեր ու մրցանակներ հանձնեց շնորհալի և ուսումնական տարվա ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած սաներին՝ մաղթելով նրանց նորանոր մասնագիտական հաջողություններ:
 
Հ. Սարգսյան
                    
12/07/2017