You are here

«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մանկավարժների և շնորհալի սաների մասնագիտական դասերի անցկացումը Շիրակի մարզի Ազատանի միջնակարգ դպրոցում․

Մասնագիտական դասերը շարունակվում են Շիրակի մարզի համայնքային այն դպրոցներում, որտեղ ուսուցանվում է ֆրանսերեն լեզուն։ «Ընտանիք» կենտրոնի ֆրանսերենի խմբակի սաները տեսասահիկներ էին պատրաստել Հայաստանի և Ֆրանսիայի դիվանագիտական հարաբերությունների, Հայաստանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ֆրանսիական խորհրդանիշների մասին։ Դեռահասները հաղորդակցվեցին միմյանց հետ, կատարեցին բանաստեղծությունների ընթերցումներ՝  ֆրանսերեն լեզվով, կիսվեցին գիտելիքներով։  Կենտրոնի երգարվեստի խմբակի սաները ելույթ ունեցան ֆրանսիական հայտնի երգերի կատարումներով։ Երկուստեք խոսեցին ֆրանսհայկական արվեստի հայտնի դեմքերի կյանքի պատմությունների ու հայանպաստ գործունեությունների մասին։ Ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ՝ Ժան Գառզուի (Գառնիկ Զուլումյանի)  կյանքի և ստեղծագործական ուղու մասին դեռահասներին ներկայացրեցին գեղանկարչության և մանրանկարչության խմբակների մանկավարժներն ու շնորհալի սաները։ Ուշագրավ տեղեկություններ հաղորդեցին Գառնիկ Զուլումյանի կատարողական արվեստի մասին։ Այնուհետև դեռահասները սկսեցին գառզուական արվեստով գրաֆիկական աշխատանքներ կատարել, յուրաքանչյուր աշակերտի անհատական մոտեցում տրվեց, մանկավարժների մասնագիտական խորհուրդներից բացի դեռահասներին օգնեցին նաև կենտրոնի շնորհալի սաներն, ովքեր իրենց ձեռք բերած նկարչական գիտելիքներով կիսվեցին։ Նկարչական աշխատանքների ավարտից հետո աշակերտները խոսեցին տվյալ ծրագրի, գառզուական արվեստի մասին իրենց պատկերացումների ու կատարած աշխատանքների մասին։ Նշենք, որ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի՝ «Ֆրանկոֆոն մշակույթների բազմազանությունը» խորագրով ծրագիրը նվիրված է Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 և աշխարհահռչակ ֆրանսահայ գեղանկարիչ Ժան Գառզուի 115 ամյակներին։

11/05/2022