ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մեկնարկել է «Հայրենիքը զորեղ է նվիրյալներով» խորագրով ռազմահայրենասիրական պատանեկան ամառային դպրոց ծրագիրը:
Ծրագրի նպատակն է նպաստել ազգային, համամարդկային արժեքներով հարուստ և հայրենասիրական գաղափարներով դաստիարակված անձի ձևավորման գործընթացին, բազմաբնույթ միջոցառումների միջոցով բարձրացնել նախազորակոչային տարիքի դեռահասների իրազեկությունն ազգային բանակի վերաբերյալ, ամրապնդել դեռահասների ռազմագիտության վերաբերյալ ունեցած գիտելիքները:
Ռազմահայրենասիրական պատանեկան ամառային դպրոցին մասնակցում են 13-17 տարեկան թվով 75 դեռահասներ՝ Հայաստանից, Արցախից, Ջավախքից, ինչպես նաև սիրիահայեր:
Ծրագրի ընթացքում նախատեսվում է կազմակերպել ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստող.
• ուսուցողական պարապմունքներ և խաղեր,
• քաղպաշտպանական վարժանքներ,
• առաջին բուժօգնության և տարհանման գործնական դասընթացներ,
• սեմինար-քննարկումներ՝ ‹‹Բանակաշինության առաջնահերթությունը ազգային անվտանգության ապահովման գործընթացում››, «Ռադիոկապի դերը բանակում», «Մերօրյա հերոսների սխրանքները» թեմաներով,
• հանդիպումներ՝ապրիլյան ռազմական գործողությունների մասնակիցների, զորամասի սպայական անձնակազմի, Երկրապահ կամավորական միության անդամների հետ:
24/07/2017