You are here

«Հայրենիքը զորեղ է նվիրյալներով» խորագրով ռազմահայրենասիրական պատանեկան ամառային դպրոց

Ամառային դպրոցի հյուրերն էին կրթության և գիտության նախարարության մարզառազմական և արտաուսումնական վարչության պետ Արկադի Պետրոսյանը, վարչության անդամներ, Երկրապահ Կամավորականների Միության ներկայացուցիչներ և ապրիլյան ռազմական գործողությունների մասնակիցներ: 
ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, «Շուշիի ազատագրման համար» և «Մխիթար Հերացի» մեդալակիր, բժշկական ծառայության մայոր Հարություն Կիրակոսյանը դեռահասներին պատմեց Շուշիի ազատագրման հերոսական դրվագներ, հիացմունքով խոսեց նաև 18-ից  20  տարեկան մերօրյա հերոսների սխրանքների մասին, համոզմունք հայտնելով, որ նվիրյալ երիտասարդների շնորհիվ հայրենի երկիրը այժմ ապահով ձեռքերում է: Իսկ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի շրջանավարտ,  ապրիլյան պատերազմի մասնակից, «Վազգեն Սարգսյան» շքանշանակիր, սերժանտ  Էդգար Մկրտչյանը համեստորեն լռելով կատարած սխրանքի մասին, իր մարտական փորձով և ռազմական գիտելիքներով կիսվեց ապագա զինվորների հետ: 
Ճամբարականները հյուրերին ներկայացրեցին մի քանի օրվա ընթացքում համատեղ սովորած, ազգային երգ ու պարով համեմված  Հայոց բանակի 25 ամյակին նվիրված «Հայրենիքը զորեղ է նվիրյալներով» խորագրով գեղարվեստական միջոցառում: 
Հայրենասիրական դրսևորումներով լի օրվա ավարտին մայոր Կիրակոսյանը  և «Դրաստամատ Կանայան» մեդալակիր լեյտենանտ Գևորգյանը նշեցին, որ  քանի   դեռ գործում են նմանատիպ  օջախներ և իրականացվում են պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստող միջոցառումներ, ավագ սերունդը կարող է վստահությամբ երկրի պաշտպանությունը հանձնել երիտասարդներին:
 
         
28/07/2017