You are here

«Ուսուցիչներ խոնարհվում ենք Ձեր առջև» խորագրով միջոցառում

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մեսրոպյան այբուբեն» ընթերցասրահում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Ուսուցչի օրվան և Թարգմանչաց տոնին նվիրված՝ «Ուսուցիչներ խոնարհվում ենք Ձեր առջև» խորագրով միջոցառումը:
Միջոցառման նպատակն էր ընդգծել հայոց սրբազան տառերի ստեղծման անհրաժեշտությունը՝ որպես հայ ժողովրդի գոյապահպանման հզոր զենք, սաների մեջ սերմանել մեսրոպյան գրերն անաղարտ պահելու և գալիք սերունդներին փոխանցելու գաղափար և կարևորել ուսուցչի դերը մատաղ սերնդի կրթման և դաստիարակման գործընթացում: 
Ցերեկույթի ամբողջ ընթացքում սաներին իրենց խոնարհումն ու հարգանքն արտահայտեցին Մեծ Ուսուցչի առաքելությանը: Սաները ուսուցչի կերպարը գովաբանող խոսքերով, բանաստեղծություններով և բարեմաղթանքներով իրենց երախտիքը և գնհատանքը ուղղեցին մանկավարժներին:  Շնորհավորելով նրանց մասնագիտական տոնը, սաները ընդգծեցին  Ուսուցչի անգնահատելի դերն ու նշանակությունը, անսահման նվիրումն ու սերը սերունդների կրթադաստիարակչական գործընթացում:
Միջոցառման ընթացքում մասնակիցները խոսեցին Թարգմանչաց տոնի մասին, ներկայացրեցին հայ մեծանունների ծավալած գործունեությունը՝ թարգմանչական գրականություն ստեղծելու ուղղությամբ:
Տպավորիչ էր թատերական արվեստի խմբակի սաների ներկայացրած բեմականացումը հայոց այբուբենի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ՝ «Մաշտոցի» և նրա «աշակերտների» կերպարների միջոցով, որին հաջորդեց հայ գրերի մասին պատմող տեսանյութի ցուցադրումը: Միջոցառումն ավարտվեց Սողոմոնի ‹‹Առակաց›› գրի և հայերեն թարգմանված առաջին նախադասությունով.  ‹‹Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ››՝ որպես հայի էության բնորոշում և ազգապահպանմանը նպաստող կարևորագույն ազդակ:
 
Մ. Թորոսյան
   
10/10/2017