Ապրիլի 17-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Ֆրանսիայի համը» խորագրով միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի տոնին:
Միջոցառման նպատակն էր ձևավորել սեր և հետաքրքրություն ֆրանսերեն լեզվի նկատմամբ, կարևորել խոհարարական արվեստի դերը միջմշակութային կապերի ամրապնդման գործում` զուգահեռներ անցկացնելով հայկական և ֆրանսիական խոհանոցների միջև:
Միջոցառմանը ներկա էին հյուրեր Ֆրանսիայից, SPFA կազմակերպության և KASA շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ներկայացուցիչներ, ինչպես նաև դպրոցների մանկավարժներ, դասախոսներ և ծնողներ:
Դահլիճը զարդարված էր ֆրանսիական և հայկական երանգներով:
Միջոցառումը սկսվեց հայկական պարարվեստի և ազգագրական երգ ու պարի խմբակների սաների երաժշտական և պարային կատարումներով: Սաների հուզիչ և հայրենասիրական կատարումները հիացմունք առաջացրեցին ներկաների շրջանում:
Այնուհետև ֆրանսերենի խմբակի սաները ներկայացրին ֆրանսիական և հայկական խոհանոցային արվեստի առանձնահատկությունները, որը զուգորդվեց սահիկահանդեսի ցուցադրմամբ: Սաները հանդես եկան հայկական և ֆրանսիական բեմական դրվագներով՝ ցույց տալով երկու երկրների խոհանոցային մշակույթի տարբերություններն ու նմանությունները:
Բեմադրությունների ընթացքում ցուցադրվեցին գեղեցիկ և ներդաշնակ պարային կատարումներ՝ ֆրանսիական երաժշտության և հայկական դուդուկի հնչյունների ներքո:
Միջոցառման երկրորդ մասում պատվոգրեր հանձնվեցին SPFA կազմակերպության նախագահ Ջանիկ Մանիսյանին և KASA շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կամավոր Սիամ Աթիային՝ Գյումրի քաղաքի, մասնավորապես «Ընտանիք» կենտրոնի դեռահասների շրջանում ֆրանսերեն լեզվի տարածմանն ու զարգացմանը նպաստելու համար:
Միջոցառումն եզրափակվեց կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանի ելույթով, որից հետո հյուրերը հրավիրվեցին համտեսի:
Վ. Նահապետյան
18/04/2017