You are here

<Ընտանիք> կենտրոն. <Գյումրու օր> քաղաքային տոնակատարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարության <Ընտանիք> մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը <Գյումրու օր> խորագրով ծրագրի շրջանակում հոկտեմբերի 1-ին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ քաղաքի օրվան նվիրված ամենամյա տոնակատարություններին: 
Ծրագրի նպատակն էր բարձրացնել հետաքրքրությունն ազգային արհեստի ու արվեստի նկատմամբ, ցուցադրել  սաների կատարած կիրառական արվեստի տարբեր ճյուղերի աշխատանքները, խթանել մշակութային համագործակցությունն այլ հաստատությունների հետ և կարևորել արտադպրոցական կրթության դերը:
<Ընտանիք> կենտրոնի նախաձեռնությամբ  Անի թաղամասում, Սբ. Հ. Մծբնեցի եկեղեցու բակում քաղաքացիների համար կազմակերպվել էր տոնական համերգ՝ կենտրոնում գործող պարարվեստի, մարտական արվեստի, ազգագրական երգ ու պարի խմբակների սաների մասնակցությամբ։
Տոնական տրամադրությունը շարունակվեց նաև Քըրք Քըրքորյանի անվան ճեմափողոցում, որտեղ տեղի ունեցավ ավանդական դարձած Արհեստների փառատոնը։ Ցուցահանդեսին կենտրոնը ներկայացավ իր սաների ձեռագործ աշխատանքների և ռոբոտների ցուցադրմամբ։ Սաների աշխատանքներն արտացոլում էին սեփական նվիրումն ազգային մշակույթի ու ավանդույթների նկատմամբ և միտված էին դրանց վերականգնմանն և պահպանմանը: Ազգային արհեստով ու արվեստով հետաքրքրվող անձանց համար կենտրոնի սաների կողմից  ցուցադրվեց գորգի, կարպետի, կավե իրերի և արծաթյա զարդերի պատրաստման աշխատանքային գործընթաց: 
<Ընտանիք> կենտրոնի սաների մտքի և ձեռքի ստեղծած, ազգայինի ու ավանդականի համադրմամբ ինքնատիպ ստեղծագործություններն անտարբեր չթողեցին գյումրեցիներին,  քաղաքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներին և, իհարկե երկրի ղեկավարին: Նախագահ Սերժ Սարգսյանը  հետաքրքրվեց <Ընտանիք> կենտրոնի սաների աշխատանքներով, հարցեր ուղղեց ցուցադրված նմուշների պատրաստման և կիրառելիության վերաբերյալ, առանձնակի ուշադրությամբ ուսումնասիրեց ռոբոտաշինության ոլորտը, խրախուսեց նրանց շարունակել ստեղծագործել և նպաստել քաղաքի մշակութային զարգացմանը։ 
Կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը  հանրապետության ղեկավարին հանձնեց կրթօջախի հիմնադրման 25 ամյակի կապակցությամբ ստեղծված Երախտագիտության հուշակոթողի մանրակերտ, որը խորհրդանշում էր աղետյալ երկրաշարժ վերապրած ժողովրդի ցավը, աստվածային սերն ու մարդկային նվիրվածությունը,  նոր կյանքի սկիզբը՝ լի հույսով, լույսով և գիտությամբ։
 
Հ. Սարգսյան
      
02/10/2017