Մանուկների շուրթերից խաղաղության ուղերձն աշխարհին. «Ընտանիք» կենտրոնի ամանորյա միջոցառումն արցախցի փոքրիկների համար
Գունեղ բեմ, զվարճալի թատերական ներկայացում փոքրիկ հանդիսատեսի համար, իսկ հանդիսատեսը՝ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի տարբեր խմբակներ հաճախող հարյուրից ավելի տեղահանված արցախցի սաներն են: Վերջիններիս օրը տպավորիչ դարձնելու ու հրաշքով լցնելու համար կենտրոնի սաները թատերական ներկայացում խաղացին։ Թատերական խաղն ու ամբողջ ծրագիրը մեկ ուղերձ ուներ՝ խաղաղության մասին: Արցախցի փոքրիկների բարեմաղթանքներն ու ուղերձներն ևս խաղաղության հաստատմանն են միտված, իրենց երազանքներն ու ցանկություններն ամանորյա բացիկներում գրեցին ու դրանցով զարդարեցին տոնածառը՝ հավատով, որ ցանկություններն անպայման իրականություն կդառնան: Երգեցին ու պարային հետաքրքիր ելույթներով հանդես եկան նաև արցախցի փոքրիկները: Վերջիններիս հյուրընկալվել էին կենտրոնի հավատարիմ բարեկամ, գործընկեր՝ Իովղը Դողիան կազմակերպության երիտասարդ կամավորներն, միասին զվարճալի խաղ –մրցույթներ կազմակերպեցին, հետո խաղաղության կոչ ու ամանորյա ուղերձ հղեցին ամբողջ աշխարհի քրիստոնյա ժողովուրդներին՝ նաև ֆրանսերենով:
«Երբ հին ու նոր տարիները հանդիպում են իրար, մոլորակի բոլոր անկյուններում մարդիկ բարձրացնում են բաժակներ և աշխարհի տարբեր լեզուներով ամենաշատը հնչում է հենց այս բարեմաղթանքը՝ թող աշխարհում խաղաղություն լինի, թող խաղաղ լինեն հողն ու մարդկանց սրտերը։ Խաղաղություն ամենքին և ամենուր, այդ ենք միայն մենք աշխարհին կամենում»:
Միջոցառմանը արցախցի սաներին «Ընտանիք» կենտրոնի կողմից ամանորյա նվերներ բաժանեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշ։ Նվերները սիրով երեխաների համար փաթեթավորել էին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ պատրաստակամ են օգնել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, որ բարեգործ մարդկանց մարդասիրական արարքները ծառայել են իրենց համար որպես լավագույն օրինակ։
«ԹՈ´Ղ ՉԼԻՆԵՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ, ԹՈ´Ղ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԱՊՐԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ»։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Շնորհակալ ենք Œuvre d`Orient կազմակերպությանը՝ Արցախից տեղահանված ու Շիրակի մարզում ապաստանած, «Ընտանիք» կենտրոն հաճախող հարյուրից ավելի երեխաներին ու նրանց ընտանիքներին ամբողջ տարվա ընթացքում աջակցելու համար։