ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հունիսի 14-ին ամփոփեց համաշխարհային հռչակ վայելող ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին նվիրված ծրագիրը: Ծրագրի նպատակն էր արժևորել և գնահատել աշխարհահռչակ ծովանկարիչ Հ. Այվազովսկու արվեստը, ծանոթացնել նրա ստեղծագործություններին, պատանի նկարիչներին հնարավորություն ընձեռնել յուրովի վերարտադրել ծովանկարչի աշխատանքները, հաղորդակցվել և վարպետության դասեր առնել արվեստի ոլորտի ներկայացուցիչներից:
Ծրագրի շրջանակում կազմակերպվեցին և իրականացվեցին՝ սեմինար-քննարկումներ Շիրակի մարզի Աշոցք, Գոգհովիտ, Երազգավորս, Թորոսգյուղ և Ցողամարգ համայնքներում, պլանավորված զանգվածային գործողություն ‹‹Ներկիր ինքդ›› խորագրով Գյումրու Վարդանանց հրապարակում, դեռևս փետրվար ամսից հայտարարված ‹‹Այվազովսկի-200›› խորոգրով ստեղծագործական մրցույթին գնահատում և սթրիտ արտի /փողոցային արվեստ/ կատարում՝ մրցութային երկու լավագույն աշխատանքների օրինակով:
Ամփոփիչ միջոցառմանը ներկա էին Գյումրիում Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսարանի փոխհյուպատոս Ա. Կաչեգարովը, Շիրակի մարզի նկարիչների միության նախագահ Գ. Մանուկյանը, Գյումրու Մհեր Մկրտչյանի թանգարանի տնօրեն Շ. Մելքոնյանը, Ասլամազյան քույրերի տուն-թանգարանի տնօրեն Վ. Ղուկասյանը, արվեստագետներ, մանկավարժներ, ծնողներ և տարբեր կրթամշակութային հաստատությունների սաներ:
‹‹Գյումրիում Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսարանի անունից ողջունում եմ միջոցառման բոլոր մասնակիցներին: Այս տարի մենք նշում ենք ոչ միայն Այվազովսկու 200 ամյակը, այլև հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների ձևավորման 25 ամյակը: Ինչպես ասել է մեր նախարար Ս. Լավրովը, հայ և ռուս ժողովուրդները տարբեր ոլորտներով միահյուսված են, այդ թվում և մշակութային: Եվ ահա երկու երկրների մշակութային գործիչները փոխադարձաբար հարստացնում են միմյանց մշակույթը: Իմ կարծիքով Հովհաննես Այվազովսկին այսպիսի մշակութային փոխհարաբերությունների հարստացման հիանալի օրինակ է: Եվ կրկին անգամ շնորհակալություն հրավերի համար, և ցանկանում եմ նախապես շնորհավորել բոլոր հաղթողներին և մրցույթի այն մասնակիցներին, ովքեր մրցանակային տեղեր չեն գրավել. նրանց աշխատանքները ևս կատարված են բարձր որակով››,- նշեց իր խոսքում պարոն Ա. Կաչեգարովը:
Ներկաները ստեղծագործական մրցույթին ներկայացված և մասնագիտական հանձնախմբի կողմից գնահատված մրցանակային աշխատանքներին ծանոթանալուց հետո, մասնակից եղան պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Դեռահասներին պարգևատրելու պատիվը տրվեց Շիրակի մարզի նկարիչների միության նախագահ Գ. Մանուկյանին, ով պատվոգրեր հանձնեց 8-12 և 13-18 տարիքային խմբերում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին, ինչպես նաև հանդիսատեսի համակրանքին, ‹‹Ընտանիք›› կենտրոն տնօրինության գնահատանքին արժանացած և այլընտրանքային մոտեցում ցուցաբերած դեռահասներին:
Միջոցառման հանդիսավոր մասին հաջորդեց կենտրոնի սաների գեղարվեստական կատարումները՝ հիացմունք և բարձր տրամադրություն հաղորդելով հանդիսատեսին:
Ի դեպ, մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները սեպտեմբեր ամսին կմեկնեն Երևան՝ մասնակցելու Հայաստանի ազգային պատկերասրահում բացվող Այվազովսկու աշխատանքների բացառիկ ցուցահանդեսին:
Հ. Սարգսյան
16/06/2017