Դու քաղցր ես հող իմ հայրենի,
Չկա քեզնից քաղցր անուն,
Բայց վտանգի ահեղ ժամին,
Երբ սպառնում է թշնամին,
Դու ավելի ես քաղցրանում:
ՆաիրիԶարյան
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում փետրվարի 26-ից 28-ը կազմակերպվեցին Վարդանանց սուրբ նահատակների հիշատակության տոնին նվիրված «Կյանք իմացեալ անմահություն է» խորագրով միջոցառումներ:
Ծրագրի նպատակն էր ներկայացնել տոնի խորհուրդը, նպաստել դեռահասների շրջանում հայրենասիրական գաղափարների ամրապնդմանը, արժևորել Վարդանանց զորավարների անօրինակ սխրանքը, ընդգծել հայ զինվորի դերը հայրենի երկրի պաշտպանության գործում:
Փետրվարի 26-ին և 27-ին անցկացվեցին թեմատիկ տեսանյութիդիտումներ և կլոր սեղան- քննարկումներ: Հարցադրումների և վերլուծությունների արդյունքում կենտրոնի սաները հանգեցին այն եզրակացության, որ հայ զինվորն է մայր հայրենիքի կենդանի սուրն ու վահանը, հայի արժանապատվության հավերժ պաշտպանը:
Ծրագրի շրջանակում փետրվարի 28-ին իրականացվեց նաև ‹‹Ժամանակն է ծնում նվիրյալ հայորդիներին›› խորագրով գեղարվեստական միջոցառումը:
Միջոցառման մասնակիցներն, առաջնորդվելով ‹‹վասն հավատո, վասն հայրենյաց›› կարգախոսով, ներկայացրին հայ ժողովրդի մղած պայքարը, դժվարին փորձություններին դիմակայելու պատրաստակամությունը: Վարդանանց հերոսների կերպարները մարմնավորած սաները ներկաներին փոխանցեցին նրանց վսեմ և առաքինի շունչը: Տպավորիչ էր «Սպարապետ Վարդան Մամիկոնյանի» հորդորն իր զինվորներին, որով կոչ էր անում չերկնչել ու չվախենալ հեթանոսների բազմությունից, լինել միաբանված:
Միջոցառման ընթացքում սաները զուգահեռներ անցկացրեցին տարբեր դարաշրջանների հայրենիքի պաշտպանների միջև՝ Վարդանանց պատերազմից, Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից մինչև մեր օրերը:
Մասնակիցներն անուն առ անուն հիշեցին կռիվներում ընկած և ժողովրդի երախտագետ հոգում ոսկե տառերով դրոշմված հերոսների թանկ անունները և խոնարհումի առհավատչյան արտահայտեցին մոմավառությամբ ու բեմադրական պարով:
Միջոցառումը եզրափակվեց «Շուշի» հաղթական պարով, որը սաները նվիրեցին բոլոր ժամանակների հայ հերոսներին և հայրենիքի պաշտպաններին:
Մ.Թորոսյան
04/03/2019