Ամառային դպրոցի հյուրերն էին կրթության և գիտության նախարարության մարզառազմական և արտաուսումնական վարչության պետ Արկադի Պետրոսյանը, վարչության անդամներ, Երկրապահ Կամավորականների Միության ներկայացուցիչներ և ապրիլյան ռազմական գործողությունների մասնակիցներ:
ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, «Շուշիի ազատագրման համար» և «Մխիթար Հերացի» մեդալակիր, բժշկական ծառայության մայոր Հարություն Կիրակոսյանը դեռահասներին պատմեց Շուշիի ազատագրման հերոսական դրվագներ, հիացմունքով խոսեց նաև 18-ից 20 տարեկան մերօրյա հերոսների սխրանքների մասին, համոզմունք հայտնելով, որ նվիրյալ երիտասարդների շնորհիվ հայրենի երկիրը այժմ ապահով ձեռքերում է: Իսկ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի շրջանավարտ, ապրիլյան պատերազմի մասնակից, «Վազգեն Սարգսյան» շքանշանակիր, սերժանտ Էդգար Մկրտչյանը համեստորեն լռելով կատարած սխրանքի մասին, իր մարտական փորձով և ռազմական գիտելիքներով կիսվեց ապագա զինվորների հետ:
Ճամբարականները հյուրերին ներկայացրեցին մի քանի օրվա ընթացքում համատեղ սովորած, ազգային երգ ու պարով համեմված Հայոց բանակի 25 ամյակին նվիրված «Հայրենիքը զորեղ է նվիրյալներով» խորագրով գեղարվեստական միջոցառում:
Հայրենասիրական դրսևորումներով լի օրվա ավարտին մայոր Կիրակոսյանը և «Դրաստամատ Կանայան» մեդալակիր լեյտենանտ Գևորգյանը նշեցին, որ քանի դեռ գործում են նմանատիպ օջախներ և իրականացվում են պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստող միջոցառումներ, ավագ սերունդը կարող է վստահությամբ երկրի պաշտպանությունը հանձնել երիտասարդներին:
28/07/2017