Հետևեք մեզ.
thumb

«Ազգային ինքնություն»․ ասորական մշակույթի ներկայացումը Վերին Դվինում ծրագրի երկրորդ փուլի շրջանակում

«Հանուն մշակութային երկխոսության»  ծրագրի շրջանակում Արարատի մարզի Վերին Դվին համայնքում ներկայացվեց ասորական հարուստ մշակույթը։ «Ընտանիք» կենտրոնի սաները հանդես եկան համատեղ գեղարվեստական ելույթներով։ Ասորական երգն ու պարը միահյուսվեցին հայկական երաժշտական ավանդույթներին՝ դուդուկի հնչյունների ներքո ստեղծելով մշակութային ներդաշնակության յուրահատուկ մթնոլորտ։ Կազմակերպվեց նաև նկարչական ֆլեշմոբ, որի ընթացքում մասնակիցներն արվեստի միջոցով ներկայացրին ազգային փոքրամասնության մշակութային առանձնահատկություններն ու արժեքները։ Համատեղ ելույթներն ու ստեղծագործական աշխատանքները նպաստեցին մշակութային երկխոսության ձևավորմանը, փոխադարձ ճանաչման խորացմանը և բարեկամական կապերի ամրապնդմանը։ Միջոցառման ավարտին Վերին Դվինի միջնակարգ դպրոցի տնօրենությունը շնորհակալություն հայտնեց՝ ընդգծելով միջոցառման բովանդակային կարևորությունն ու թեմայի նպատակային ընտրությունը։ Իր երախտագիտությունը հայտնեց նաև համայնքի ղեկավարը՝ Լյուդմիլա Պետրովան արժևորելով երկու մշակույթների միավորման, փոխճանաչման և համագործակցության խթանման նախաձեռնությունը։ «Հանուն մշակութային երկխոսության» ծրագիրը շարունակում է իր կարևոր առաքելությունը՝  միավորում է մարդկանց, սերունդներին ու ժողովուրդներին՝ դառնալով փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և բարեկամության ամուր կամուրջ։
Միջոցառման ավարտին սաներն այցելեցին նաև Հնաբերդ գյուղի տարածքում գտնվող պատմական Դվին մայրաքաղաքի հնավայր, որը ներառված է «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցի տարածքում։ Այցելությունը հնարավորություն տվեց մասնակիցներին հաղորդակցվելու նաև Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը։