Հետևեք մեզ.
thumb

«Մշակույթի վարպետը» ծրագրի շրջանակում, նվիրված մեծանուն կոմպոզիտոր և քանոնահար Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակ

«Մշակույթի վարպետը» ծրագրի շրջանակում, նվիրված մեծանուն կոմպոզիտոր և քանոնահար Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակին, իրականացվեց ևս մեկ հիշարժան և բազմաբովանդակ նախաձեռնություն, որը համադրեց ճանաչողական այցերը, հոգևոր արժեհամակարգն ու մշակութային համագործակցությունը։ Ծրագրի մասնակից սաները ճանաչողական այցով նախ այցելեցին Վրաստանի Հանրապետության Ասպինձայի շրջանում գտնվող Խերթվիսի բերդ, որտեղ ծանոթացան պատմամշակութային արժեքներին, միջնադարյան վրացական մշակութային շերտերին և տարածաշրջանի պատմական ժառանգությանը։ Այնուհետև այցելությունը շարունակվեց Ռաբաթ ամրոց, որտեղ սաները հանդես եկան գեղարվեստական ելույթներով՝ հայկական մշակույթի շունչը փոխանցելով պատմական միջավայրում, այսկերպ նաև միանալով  Ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օրվա տոնին։ Ծրագրային միջոցառումների շարքը շարունակվեց Ախալցիխեի մունիցիպալիտետի Ծղալթբիլայի մշակույթի տանը, որտեղ Ախալցիխեի հայկական  երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հետ համատեղ կազմակերպվեց մշակութային միջոցառում՝ միավորելով տարբեր համայնքների ստեղծագործական խմբերին։ Միջոցառմանը մասնակցեցին Օրալի, Փոքր Պամաճի և Ծղալթբիլայի համայնքների հայկական պարային համույթները՝ հանդես գալով «Ընտանիք» կենտրոնի սաների հետ համատեղ ելույթներով։ Հայկական ազգային պարերը, երաժշտական և գեղարվեստական համարները վերածվեցին մշակութային ինքնության պահպանման ու սերունդների միջև կապի ամրապնդման գեղեցիկ խորհրդանիշի։ Մինչ միջոցառման մեկնարկը հոգևոր խոսքով և Տերունական աղոթքով ներկաներին օրհնեց Ախալցիխեի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ հոգեշնորհ Տեր Հակոբ Աբեղա Սահակյան։ Նրա պատգամը կարևորեց ազգային մշակույթի, հոգևոր արժեքների և երիտասարդ սերնդի դաստիարակության մեջ արվեստի դերը։ Մշակութային հարուստ ու ջերմ մթնոլորտում անցկացված երեկոն ամփոփվեց միասնական շուրջպարով, որը դարձավ ազգային միասնության, մշակութային համախմբվածության և սերունդների միջև անխզելի կապի խորհրդանիշ։ «Վեր-վերի»  պարի ու երաժշտության ներքո միավորվեցին տարբեր համայնքների սաներն ու արվեստասեր մասնակիցները՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ հայկական մշակույթը շարունակում է ապրել, միավորել և ոգեշնչել։