«Ընտանիք-25. Պատմությունը շարունակվում է…» ծրագրի ամփոփագիր
‘’Endanik-25. The story is going on…’’ program summary
Հոկտեմբերի 7-ից 9-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում իրականացվեց «Ընտանիք-25․ Պատմությունը շարունակվում է…» ծրագրի երկրորդ փուլը՝ նվիրված կենտրոնի գործունեության 25-ամյակին։
Ծրագրի նպատակն էր ներկայացնել կենտրոնի գործունեությունը, մարզերում արվեստի և արհեստի տարածման գործում ունեցած ձեռքբերումներն ու ներդրումը, արժևորել մանկավարժների ներդրումն ու տարիների քրտնաջան աշխատանքը, կենտրոնի ստեղծման գործում համագործակցող կազմակերպությունների և անհատ բարերարների աջակցությունը, ինչպես նաև ընդգծել կենտրոնի կարևոր դերը մարզերի դեռահասների արտադպրոցական կրթության և մասնագիտական կողմնորոշման գործում։
Ծրագրի շրջանակում Արցախից և Ջավախքից ժամանած երգի ու պարի համույթները, «Նոր անուններ» ծրագրի երիտասարդ երաժիշտները, ինչպես նաև կենտրոնի տարբեր խմբերի սաները այցելեցին Շիրակի մարզի մի շարք համայնքներ՝ Աշոցք, Գոգհովիտ, Երազգավորս, Թորոսգյուղ, Ջրառատ, Ծաղկամարգ։
Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած տոնական միջոցառմանը ներկա էին կենտրոնի ստեղծման գործում մեծ ներդրում ունեցած հայ և օտարերկրյա բարերարներ, «Ֆերմա Ֆրանս Արմենիա» կազմակերպության ներկայացուցիչներ Ժակլին Յունգը և Ժոզետ Լը Ֆուլ Պիգենը, «Մեսրոպի այբուբեն» ընթերցասրահի հիմնադիրները, շվեյցարական «Սեդրիկ Մանտան» հիմնադրամի նախագահ Ժակ Մարտինը, «Ջրի դասարան» ծրագրի հիմնադիրը, ֆրանսիական SPFA մարդասիրական կազմակերպության նախագահ Ժանիկ Մանասյանը և հայկական մասնաճյուղի նախագահ Հաբեթ Հակոբյանը, կրթության և մշակույթի ոլորտի հաստատությունների ներկայացուցիչներ, մանկավարժներ, ծնողներ և սաներ։
Հյուրերը ծանոթացան կենտրոնի բակում տեղադրված Երախտագիտության հուշարձանին, հայոց այբուբենի խորհրդանիշ հանդիսացող խորաքանդակին, օգտվեցին նորաբաց վերելակից, դիտեցին կենտրոնի 25-ամյակին նվիրված խորհրդանշական աշխատանքների ցուցահանդեսը և մասնակցեցին «Մեսրոպի այբուբեն» ընթերցասրահի բացման արարողությանը, որի պատիվը վերապահված էր հիմնադիրներին։
Տոնական արարողությանը հաջորդեցին ծրագրի մասնակիցների գեղարվեստական ելույթները, որոնք եզրափակվեցին պարային խմբի սաների «Բարեկամություն» պարային կատարումով։
Ծրագրի շրջանակում կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանը բարերար հյուրերին և երկարամյա գործունեություն ծավալած մանկավարժներ Սվետլանա Պետրոսյանին, Ստեփան Մկրտչյանին, Անահիտ Մանուկյանին, Սոնա Սահակյանին, Գայանե Մինասյանին, Կարինե Գրիգորյանին, Հերմինե Մաղաքյանին, Նարինե Մարտիրոսյանին, Արթուր Մուրադյանին և Կարինե Մախսոյանին պարգևատրեց Երախտագիտության հուշարձանի կրկնօրինակներով և վկայականներով՝ Շիրակի մարզի գյուղական համայնքներում դեռահասների կրթամշակութային դաստիարակությանն աջակցելու, ցուցաբերած բարոյական աջակցության և բարի կամքի համար։
Ծրագրի շրջանակում Արցախից, Ջավախքից ժամանած դեռահասները և «Ընտանիք» կենտրոնի տարբեր համայնքների խմբերի սաները մասնակցեցին կենտրոնում կազմակերպված գործնական մասնագիտական ուսուցումներին։ Կազմակերպվեց նաև «Իմ սիրելի մասնագիտությունը» թեմայով կլոր սեղան-քննարկում, հանդիպումներ կենտրոնի շրջանավարտների և միջազգային արվեստի մրցույթների հաղթողների հետ, ինչպես նաև ճանաչողական այցելություններ Գյումրու տեսարժան վայրեր։
Ծրագրի բազմաթիվ մասնակիցներ առաջին անգամ էին Գյումրիում և իրենց տպավորությունն ու հիացմունքն արտահայտեցին քաղաքի և կենտրոնի վերաբերյալ։ Նրանք շնորհակալություն հայտնեցին ծրագրի կազմակերպիչներին՝ տարբեր մարզերից իրենց հասակակիցների հետ շփվելու, նոր և հետաքրքիր բացահայտումներ կատարելու հնարավորություն ընձեռելու համար։
Կենտրոնի քառորդդարյա պատմությունը շարունակվում է…
English
Русский
Français