Հետևեք մեզ.
thumb

«Գրչի և վրձնի վարպետները. Ավետիք Իսահակյան 150 և Մարտիրոս Սարյան 145» խորագրով մշակութային նախաձեռնության շրջանակում միջոցառումներ անցկացվեցին նաև Ջավախքի Նինոծմինդա քաղաքի՝ «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում

«Գրչի և վրձնի վարպետները. Ավետիք Իսահակյան 150 և Մարտիրոս Սարյան 145» խորագրով մշակութային նախաձեռնության շրջանակում միջոցառումներ անցկացվեցին նաև Ջավախքի Նինոծմինդա քաղաքի՝ «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում։ Այստեղ ևս պատանի մասնակիցները բացեցին ստեղծագործական մի հարթակ, որտեղ մեկտեղվեցին գրական խոսքն ու գունային պատկերացումը, ճանաչողական վերլուծությունն ու հոգևոր զգացողությունը։ Պատանիները ներկայացրին ասմունքներ, գրական ու գեղարվեստական վերլուծություններ, ինչպես նաև Մարտիրոս Սարյանի գեղանկարչական ոճով ներշնչված աշխատանքներ։ Միջոցառման ընթացքում դեռահասները կատարեցին Իսահակյանի գործերի հիման վրա ստեղծված երաժշտական ու պարային կատարումներ, որոնք հուզիչ ազդեցություն ունեցան հանդիսատեսի վրա։ Սուրբ Սարգիս եկեղեցում անցկացվեց հոգևոր կարգը, որը կատարվեց ի հիշատակ Ավետիք Իսահակյանի և Մարտիրոս Սարյանի։ Այս խորհրդանշական արարողությունը արտահայտում էր խոնարհումը երկու մեծության առջև, որոնց արվեստը ոչ միայն լուսավորել է սերունդներ, այլև խարսխվել է ազգային ինքնության ու հավերժության գաղափարի վրա։ Նինոծմինդայում միջոցառումը վերածվեց հոգևոր և մշակութային հիշողության տոնի, որտեղ մասնակցությունը գերազանցում էր սովորական ճանաչողական գործընթացը՝ դառնալով ապրում, հպարտություն և հայ մշակույթի վարպետների անմահ ժառանգության կենսական շարունակություն։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Ընտանիք» կենտրոնի նախաձեռնությամբ: