«Հայաստանի և Հարավի գույները և մեր նախնիների անգին ժառանգությունը» խորագրով սեմինար
«Գրչի և վրձնի վարպետները. Ավետիք Իսահակյան 150 և Մարտիրոս Սարյան 145»-ամյակներին նվիրված ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում կայացավ «Հայաստանի և Հարավի գույները և մեր նախնիների անգին ժառանգությունը» խորագրով սեմինար, նվիրված մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 145-ամյա հոբելյանին։
Միջոցառման շրջանակում «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դեկորատիվ կիրառական արվեստի խմբակի սաները նախ ծանոթացան ակադեմիայի ուսումնական միջավայրին և ուսանողների ստեղծագործական աշխատանքներին։ Այնուհետև սեմինարը վարեց բուհի արվեստաբան Սահկանուշ Ստեփանյանը, որը ներկայացրեց Մարտիրոս Սարյանի արվեստի առանձնահատկությունները, նրա ստեղծագործություններում Հայաստանի գունային հարստության և արևելյան մշակութային ազդեցությունների արտացոլումը։
Սաները մեծ հետաքրքրությամբ լսեցին արվեստաբանի խոսքը և իրենց տպավորություններում առանձնացրին հատկապես սարյանական գույների կախարդական ուժը և հայրենի բնապատկերների անզուգականությունը։ Հանդիպումը ոչ միայն խորացրեց նրանց գիտելիքները մեծ վարպետի արվեստի վերաբերյալ, այլև ոգեշնչեց սեփական աշխատանքներում ավելի համարձակորեն կիրառել գույները, փորձել նոր արտահայտչական լուծումներ և խորությամբ անդրադառնալ հայկական մշակութային ժառանգությանը։
Սեմինարը դարձավ կարևոր փորձառություն, որն ամրապնդեց սաների կապը ազգային արվեստի ավանդույթների և ժամանակակից ստեղծագործական որոնումների միջև։
Ծրագիրը շարունակվում է...
English
Русский
Français