Հետևեք մեզ.
thumb

Մշակութային կամուրջ Ախալքալաքից դեպի հայ մեծերի աշխարհը

«Գրչի և վրձնի վարպետները. Ավետիք Իսահակյան 150 և Մարտիրոս Սարյան 145» խորագրով միջոցառումների շարքը շարունակվեց նաև Ջավախքում՝ Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնում, որտեղ հայ երիտասարդները ներգրավվեցին ստեղծագործական ու ճանաչողական մի նախաձեռնության, որի առանցքում հայ մշակույթի դասական վարպետների կյանքն ու արվեստն էր։ Միջոցառման ընթացքում կենտրոնի սաները հանդես եկան ասմունքով, գրական վերլուծություններով, գեղարվեստական ընթերցումներով և գունային պատկերացումներով հարուստ նկարների պլեներ-ցուցադրությամբ։ Երիտասարդները անդրադարձան Իսահակյանի ստեղծագործություններում ամփոփված հայրենասիրությանը, մարդկային խոր զգացումներին և Սարյանի գույների մեջ բացված արևոտ Հայաստանին։ Նախաձեռնության կարևոր բաղադրիչներից էր մշակութային երկխոսության ստեղծումը՝ Հայաստանի և Ջավախքի պատանեկան մտքի ու հոգևոր որոնումների միջև։ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում անցկացված միջոցառումը վառ ապացույցն էր, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում, և որ հայ մեծերի ժառանգությունը միավորող ուժ է՝ անկախ աշխարհագրական հեռավորությունից։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Ընտանիք» կենտրոնի նախաձեռնությամբ: