Հետևեք մեզ.
thumb

«Ընտանիք» կենտրոն. Տեառնընդառաջ տոնը Մարմաշեն համայնքում

«Ընտանիք» կենտրոն. Տեառնընդառաջ տոնը Մարմաշեն համայնքում

«Եւ դու մանուկ, մարգարէ Բարձրելոյ կոչեսջիր. զի երթիցես առաջի երեսաց Տեառն պատրաստել զճանապարհս նորա, տալ գիտութիւն փրկութեան ժողովրդեան նորա ի թողութիւն մեղաց նոցա»: (ՂԿ. Ա 76-77)


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի` փետրվարի 14-ին` Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը` Տեառնընդառաջը:
 ԿԳՄՍ նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը` հավատարիմ եկեղեցական ծիսակարգին և տոնի ժողովրդական ավանդությանը, Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում բնակիչների հետ համատեղ տոնեց Տրնդեզը: Իշխող տոնական բարձր տրամադրությունը և տոնի խորհրդին հաղորդակից դառնալու ցանկությունը միավորել էր հավատավոր ժողովրդին:
 Տերունական աղոթքից հետո միջոցառման մասնակիցներին իր օրհնաբեր խոսքն ուղղեց Տեր Փառեն քահանա Պետրոսյանը, ապա հանգամանորեն ներկայացրեց Տեառնընդառաջի քրիստոնեական խորհուրդը և քրիստոնյաների կյանքում այս տերունի տոնի կարևորությունը: Այնուհետև «Ընտանիք» մանկապատանեկան կենտրոնի պարարվեստի խմբակի սաները հանդես եկան ծիսական երգերի ու ազգագրական պարերի կատարումներով: 
 Ժողովրդական սովորույթի համաձայն կատարվեց հիմնական ծեսը` խարույկի շուրջ ազգային-հոգևոր տոնակատարությունը, որն իր շուրջ բոլորեց կենտրոնի սաներին և հանդիսականին: Կրակի շուրջ երեխաները սկուտեղի վրա մատուցեցին տոնի հիմնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը: 
 Միջոցառման մասնակից սաները հանդիսատեսին լիովին փոխանցեցին Տեառնընդառաջի լուսեղեն խորհուրդը:
 
Ա. Մկրտչյան