«Միասնական մայր հայրենիք»․ միասնականության, ինքնության և անկախության արժևորում
«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված անցկացվեց «Միասնական մայր հայրենիք» խորագրով միջոցառում, որը միավորեց պատմական հիշողությունը, ազգային ինքնության արժևորումն ու արվեստի միջոցով հայրենասիրական գաղափարների փոխանցումը։ Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության օրհներգի հանդիսավոր կատարմամբ՝ ստեղծելով խորհրդանշական և հայրենասիրական մթնոլորտ։ Միջոցառմանը հրավիրված պատմաբան, արցախյան 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից Աբրահամ Ավագյանը հանդես եկավ «Միասնությունը՝ որպես ազգային կայունության հիմք․ պատմական դասեր և ներկա մարտահրավերներ» խորագրով բանախոսությամբ։ Բանախոսն անդրադարձավ ազգային միասնության կարևորությանը, պատմական փորձի դասերին, հայրենիքի հանդեպ պատասխանատվությանն ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում միասնական լինելու անհրաժեշտությանը։ Միջոցառման գեղարվեստական հատվածը ներկայացվեց «Սերունդների նվիրում» խորագրի ներքո։ Կենտրոնի գեղարվեստական խմբակների սաները հանդես եկան երաժշտական և գեղարվեստական կատարումներով՝ իրենց ստեղծագործական ներուժով ներկայացնելով հայրենիքի, ազգային արժեքների և սերունդների շարունակականության գաղափարը։ Յուրաքանչյուր կատարում իր մեջ կրում էր սերունդների կապի, հայրենիքի հանդեպ սիրո և ազգային մշակույթի պահպանման ու փոխանցման խորհուրդը։ Միջոցառման ավարտին հյուրերը մասնակցեցին փայտարվեստի խմբակի սաների՝ «Հայկական ինքնության արտահայտումը արվեստում» խորագրով ցուցահանդեսին։ Ցուցադրված աշխատանքները ևս մեկ անգամ փաստեցին, որ ազգային ինքնությունն իր արտահայտությունն է գտնում ոչ միայն պատմության ու խոսքի, այլև արվեստի, ստեղծագործության և մշակութային ժառանգության միջոցով։ Միջոցառման ավարտին ելույթի խոսքով հանդես եկավ գեղարվեստական մասի ղեկավար՝ Էլիզա ֆրանգուլյանն, ով կարևորեց նման նախաձեռնությունների դերը պատանիների հայրենասիրական դաստիարակության, ազգային արժեքների ճանաչման և սերունդների միջև մշակութային կապի ամրապնդման գործում։ Վերջինս շնորհակալություն հայտնեց Աբրահամ Ավագյանին՝ միջոցառմանը մասնակցելու և իր գիտելիքն ու փորձը սաների հետ կիսելու համար, և նրան որպես խորհրդանշական նվեր հանձնեց Սուրբ գրքեր։ «Միասնական մայր հայրենիք» միջոցառումը դարձավ անկախության 35-ամյակի գաղափարական խորհրդի յուրօրինակ արտահայտությունը՝ միավորելով պատմությունը, հիշողությունը, արվեստն ու սերունդների նվիրումը հայրենիքին։ Այն ևս մեկ անգամ ընդգծեց, որ անկախությունը ոչ միայն պետականության ձեռքբերում է, այլև ամեն սերնդի կողմից պահպանվող, արժևորվող և նորովի իմաստավորվող արժեք։
English
Русский
Français