Հետևեք մեզ.
thumb

«Հանուն մշակութային երկխոսության» ծրագրի հերթական կանգառը՝ Ջավախքում

«Հանուն մշակութային երկխոսության» ծրագրի երկրորդ փուլի հերթական կանգառը Ջավախք աշխարհն էր։ Սամցխե-Ջավախքի Նինոծմինդա և Ախալքալաք քաղաքներ երկօրյա այցի ընթացքում կենտրոնը «Ազգային ինքնություն» խորագրի ներքո իրականացրեց բազմաբովանդակ մշակութային միջոցառումներ՝ համատեղ գեղարվեստական ելույթներ, նկարչական ֆլեշմոբեր, ստեղծագործական աշխատանքների ցուցադրություններ և մշակութային փոխանակման այլ նախաձեռնություններ։

«Ընտանիք» կենտրոնը մասնակիցը դարձավ Նինոծմինդա քաղաքի 196 ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, որին մասնակցում էին Ջավախքի տարբեր համայնքների բնակիչներ։ Տոնական օրը ևս մեկ առիթ դարձավ հայ և վրաց ժողովուրդների մշակութային ընդհանրություններն ու բարեկամական կապերն ընդգծելու համար։ «Ընտանիք» կենտրոնի գեղարվեստական խմբերը հանդես եկան համերգային ծրագրով, իսկ կենտրոնի սաները ներկայացրին նկարչական ֆլեշմոբ։

Միջոցառմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Իոսիբ Ալիբեկաշվիլին, Ախալքալաքի մունիցիպալիտետի ներկայացուցիչներ, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Սամվել Մանուկյանն ու Սմբատ Կյուրեղյանը, Նինոծմինդայի ավագանու նախագահ Վահան Արոյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ինչպես նաև հոգևոր հովիվներ Տեր Արմաշ քահանա Պողոսյանն ու Տեր Անտոն քահանա Անտոնյանը։

Ներկայացվեցին հայ և վրաց ժողովուրդների ազգային մշակույթն ու արհեստները, ինչպես նաև մշակութային արժեքները ներկայացնող ձեռագործ աշխատանքներ։ Հյուրերը շրջեցին ցուցադրության տարածքում, ծանոթացան կենտրոնի սաների ստեղծագործություններին, հետաքրքրվեցին աշխատանքների գաղափարներով ու բովանդակությամբ և կիսվեցին իրենց տպավորություններով։

Կենտրոնի վիտրաժային նկարչության խմբակի սաները հատուկ այս այցի համար պատրաստել էին Նինոծմինդայի խորհրդանիշը պատկերող ձեռագործ աշխատանք, որը հանդիսավոր կերպով նվիրեցին Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին՝ որպես բարեկամության, մշակութային կապի և փոխադարձ հարգանքի խորհրդանշական նվեր։

Սաների մշակութային հաջորդ կանգառը Ախալքալաքի կրթամշակութային հաստատությունն էր, որտեղ ևս կազմակերպվեց մշակութային հանդիպում։ Կենտրոնի և տեղի սաների մասնակցությամբ ներկայացվեցին համատեղ գեղարվեստական կատարումներ, ինչպես նաև անցկացվեց նկարչական ֆլեշմոբ։ Համատեղ ստեղծագործական աշխատանքը հնարավորություն տվեց պատանիներին ոչ միայն ցուցադրելու իրենց կարողությունները, այլև ճանաչելու միմյանց մշակույթը, ստեղծագործական մոտեցումներն ու ավանդույթները։

«Հանուն մշակութային երկխոսության» ծրագրի երկրորդ փուլը միաժամանակ կարևոր հնարավորություն է ստեղծում Հայաստանի տարբեր համայնքների և Վրաստանի Սամցխե-Ջավախքի կրթամշակութային հաստատությունների միջև համագործակցությունն ընդլայնելու և ամրապնդելու համար։

Մշակույթը սահմաններ չի ճանաչում․ այն միավորում է մարդկանց, ստեղծում երկխոսության հնարավորություններ և ձևավորում փոխադարձ ճանաչման ու հարգանքի միջավայր։ Հենց այս գաղափարն է ծրագրի առանցքում՝ մշակույթի միջոցով կապել համայնքները, սերունդներին և ժողովուրդներին՝ ստեղծելով համագործակցության նոր կամուրջներ։

Ջավախքյան այս այցը ևս մեկ անգամ փաստեց, որ համատեղ ստեղծագործելը ոչ միայն մշակութային ժառանգությունը պահպանելու, այլև այն նոր սերնդին փոխանցելու և նոր բարեկամական կապեր ձևավորելու կարևոր ճանապարհ է։