Հետևեք մեզ.
thumb

«Ընտանիք» կենտրոնի դեպի Ջավախք այցն համընկավ Սուրբ Թարգմանչաց տոնի հետ

«Ընտանիք» կենտրոնի դեպի Ջավախք այցն համընկավ Սուրբ Թարգմանչաց տոնի հետ

Մեր Եկեղեցին հիմնադրման առաջին իսկ օրից իրեն նույնացրել է մեր ժողովրդի մայր զգացողության հետ, անսխալական բնազդով, հանճարեղ հեռատեսությամբ սրբացրել, ազգային եկեղեցական տոնի է վերածել այն ամենը, ինչ կենսական, բախտորոշ նշանակություն ունի մեր ժողովրդի համար:

Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում ներկայացվեց տոնի հոգևոր-մշակութային խորհուրդը, անցկացվեց վիկտորինա, որն ավելի շատ եկեղեցական, թարգմանչական արվեստի կարևորության մասին հարցուպատասխանի միջոցով գիտելիքների ամրապնդմանն էր ուղղված: Ախալքալաքի, Նինոծմինդայի և ««Ընտանիք» կենտրոնի սաներն համատեղ գեղարվեստական ելույթներով արժևորեցին տոնի կարևորությունը: Միջոցառմանն իրենց ներկայությամբ պատվել էին Սամցխե- Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ ՝ Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը: Վերջիններս կարևորեցին Հայաստան-Ջավախք ամուր բարեկամական կամուրջն ու ազգային դիմագծի պահպանմանն ուղղված այցերն ու միջոցառումները:

Միջոցառումն ամփոփվեց մասնագիտական կողմնորոշման, վարպետաց դասերով: Սաները ծանոթացան արվեստի ու արհեստի ճյուղերին, գործնական աշխատանքների միջոցով նախընտրած մասնագիտություններում նոր գիտելիքներ ձեռք բերեցին: Կրթադաստիարակչական այցերը միայն նպաստում են սաներին ամուր կապելու հայ մշակույթի ակունքներին, իսկ այս հարցում «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն ունի մշակած հստակ ծրագրեր ու քարտեզային քայլեր: