Հետևեք մեզ.

․․․Նվիրենք միմյանց գրքեր ու արթուն պահենք մեր մեջ ընթերցողին․․․

․․․Նվիրենք միմյանց գրքեր ու արթուն պահենք մեր մեջ ընթերցողին․․․

Առանց գրքերի մարդկային կյանքը դատարկ է. գիրքը ոչ միայն մեր բարեկամն է,
                                                                                            այլև մեր մշտական հավերժական ուղեկիցը:
                                                                                                                                                                                                                                    Դ. Բեդնի

Փետրվարի 19-ին գրական աշխարհը նշում է Ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի ծննդյան օրը, որը վերջին տարիներին Հայաստանում համարվում է նաև գիրք նվիրելու օր: 
Սպասված ու սիրելի դարձած տոնը մեծ շուքով և ոգևորությամբ նշվեց փետրվարի 29-ին Գյումրու ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում: ‹‹Գիրքն իմ բարեկամն է›› խորագրով միջոցառումը համախմբել էր գրքասեր ու ընթերցասեր հասարակությանը՝ Գյումրու Գրողների միության անդամներին, մանկավարժներին, պատանիներին ու դեռահասներին: 
Միջոցառման սկիզբն ազդարարվեց գեղեցիկ տեսարանով: Հանդիսատեսի աչքի առաջ բացվեց հրաշալի պատկեր. Լոռվա չքնաղ բնապատկերներ, գարնանային ծաղկեպսակներ հյուսող նաիրյան աղջիկներ: Պարարվեստի խմբակի սաները պարային բեմադրությամբ հանդիաստեսին ցուցադրեցին ‹‹Անուշ›› պոեմից  կոխի տեսարանը՝ լցված Սարոյի և Մոսիի երիտասարդական ավյունով: Սաների պարային բեմական խաղը համեմված էր ժողովրդական խաղիկներով,  ավանդույթներով: 
Մեզանից շատերը գրքի կախարդական աշխարհ մուտք են գործել, ծանոթացել ու մտերմացել հենց թումանյանական հեքիաթների, մանկական բանաստեղծությունների, անմահ քառյակների ու պոեմների միջոցով: Միջոցառման ողջ ընթացքում իշխեց թումանյանական ոգին. հնչեցին Ամենայն հայոց բանաստեղծի խոհափիլիսոփայական քառյակներ, ընթերցվեցին սիրված բանաստեղծություններից հատվածներ և   ներկայացվեցին հետաքրքրաշարժ դրվագներ մեծ լոռեցու կյանքից:  Կենտրոնի թատերական խմբակի սաները ցուցադրեցին «Կիկոսի մահը» հեքիաթի բեմականացումը: Երեխաների մարմնավորած տիպիկ թումանյանական կերպարները, բեմական խաղը, բարձր ու ուրախ տրամադրություն հաղորդեցին ներկաներին:
Վաղ առավոտից ազդարարված գրքահավաքը շարունակվեց նաև միջոցառման ընթացքում: Հանդիսատեսը ևս իր մասնակցությունը բերեց կազմակերպված գրքահավաքին՝ կատարելով իր ներդրումը կենտրոնի  գրադարանային ֆոնդը համալրելու գործընթացին: 
Կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը շնորհավորեց բոլորին հրաշալի տոնի առիթով: Նա հորդորեց ներկաներին ճանաչել ու գնահատել գրքի արժեքը, ընթերցանության միջոցով հարստացնել իրենց գիտելիքների պաշարը, տարբեր ոլորտներում կատարել նորանոր բացահայտումներ և իրենց սեփական ներդրումը ունենալ երկրի զարգացման գործընթացում: Այնուհետև միջոցառման մասնակիցներին և դահլիճում ներկա գտնվող փոքրիկներին նվիրեց մանկական պատկերազարդ գրքեր: 
Կենտրոնի ամեն մի անկյունում միջոցառումը տարածեց իր բուն խորհուրդն ու ասելիքը. այն է՝ սիրիր գիրքը, լուսավորիր հոգիդ ու մարզիր միտքդ:
...Նվիրենք միմյանց գրքեր ու արթուն պահենք մեր մեջ ընթերցողին... 
Շնորհավոր ծնունդդ Ամենայն հայո՛ց բանաստեղծ, մեր նոր քերթության անհա՛ս Արարատ: