«Ոճային սանրվածքներ․ գեղեցկության և կերպարի ստեղծման գաղտնիքները»
խորագրով բաց դասը «Ընտանիք» կենտրոնում վերածվեց գեղեցկության և ստեղծագործության տոնի։ Վարսավիրական արվեստի խմբակի սաները ներկայացրին իրենց հմտություններն ու մասնագիտական կարողությունները՝ կատարելով դասական, սպորտային և երեկոյան ոճի սանրվածքներ։ Գործնական աշխատանքը նրանք իրականացրին տեղում՝ ցուցադրելով տեխնիկական ճշգրտություն, ճաշակ և ստեղծագործական մոտեցում։ Բաց դասի ընթացքում սաները նաև սահիկահանդեսի միջոցով ներկայացրին իրենց նախորդ աշխատանքները՝ հնարավորություն տալով ներկաներին ամբողջական պատկերացում կազմել իրենց անցած ուղու և ձեռքբերումների մասին։ Միջոցառմանը ներկա էին կենտրոնի տնօրենությունը, մանկավարժներ, հրավիրված էին Գյումրիի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում բաժնի դասախոսներ, ովքեր բարձր գնահատեցին սաների կատարողական հմտությունները, մասնագիտական պատրաստվածությունն ու ստեղծագործական մոտեցումը։ Նրանք հատկապես ընդգծեցին նման դասերի կարևորությունը՝ ապագա մասնագետների ձևավորման և զարգացման գործում։ Բաց դասն անցավ ոգևորիչ մթնոլորտում՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ «Ընտանիք» կենտրոնը կարևոր դեր ունի դեռահասների մասնագիտական և գեղագիտական զարգացման ճանապարհին
English
Русский
Français