Հետևեք մեզ.
thumb

«Մեղեդու մեծ վարպետը» մշակութային փառատոն «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում

«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում հանդիսավոր կերպով ամփոփվեց ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր և քանոնահար Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Մշակույթի վարպետը» միջոցառումների շարքը, որի եզրափակիչ ակորդը դարձավ «Մեղեդու մեծ վարպետը» մշակութային փառատոնը։ Փառատոնին մասնակցում էին ծրագրի շրջանակում հայտարարված «Ձայնի գույներ․ Ավետիսյանական հնչյունների կերպարվեստային մեկնաբանում» հանրապետական ստեղծագործական մրցույթի մասնակից կրթամշակութային կազմակերպությունները։ Մրցույթը համախմբել էր Հայաստանի Հանրապետության բարձրադիր և սահմանամերձ մարզերի, ինչպես նաև Ջավախքի կրթամշակութային հաստատությունների սաներին, որոնք ներկայացրել էին ավելի քան 200 ստեղծագործական աշխատանք՝ յուրովի մեկնաբանելով մեծանուն երաժշտի արվեստն ու հոգևոր ժառանգությունը։ Ժյուրիի գնահատմամբ՝ «Լավագույն հեղինակային աշխատանք» անվանակարգում հաղթողներ ճանաչվեցին Երևանի, Սյունիքի մարզի Գորիսի, Արմավիրի մարզի Տարոնիկի և Լոռու մարզի Վանաձորի ներկայացուցիչները։ «Ավետիսյանական հնչյունների կերպարվեստային մեկնաբանում» անվանակարգում լավագույններն էին Երևանի, Արարատի մարզի Նոր Խարբերդի, Սյունիքի մարզի Գորիսի, Լոռու մարզի Վանաձորի և Տավուշի մարզի Այրումի կրթամշակութային հաստատությունները։ Մրցույթի բարձրագույն՝ պատվավոր «Գրան Պրի» մրցանակին արժանացան Սյունիքի մարզի Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի աշակերտուհի Արիանա Հովհաննիսյանը, Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոցի աշակերտուհի Մարիամ Միքաելյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի աշակերտուհի Նատալի Նավասարդյանը։ Մրցանակակիրները պարգևատրվեցին պատվոգրերով, խրախուսական նվերներով՝ գեղարվեստական գրականությամբ և Սուրբ Գրքերով։ Մյուս բոլոր մասնակիցները ժյուրիի կողմից արժանացան հատուկ շնորհակալագրերի՝ «Ընտանիք» ՄՊՍԿ ՊՈԱԿ-ի հետ արդյունավետ համագործակցության, մշակութային նախաձեռնություններին ակտիվ մասնակցության և ստեղծագործական ներգրավվածության համար։ Փառատոնական մթնոլորտն ամբողջացվեց գեղարվեստական ելույթներով, որոնց ընթացքում իրենց ստեղծագործական ներուժը ներկայացրին նաև ծրագրի մասնակից կազմակերպությունների սաները, Գյումրու «Մի սար» նվագախումբը՝ հանդիսատեսին պարգևելով երաժշտական, պարային և բեմական գեղեցիկ ավետիսյանական կատարումներ։ Միջոցառման ընթացքում «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը, անդրադառնալով ծրագրի արդյունքներին, մասնավորապես նշեց. «Մշակույթը սերունդների միջև ձգվող այն անտեսանելի կամուրջն է, որի միջոցով փոխանցվում են մեր ինքնությունը, արժեհամակարգն ու հոգևոր ժառանգությունը։ «Մշակույթի վարպետը» ծրագիրը մեզ համար պարզապես միջոցառումների շարք չէր. այն դարձավ ստեղծագործելու, ճանաչելու և ազգային մշակութային արժեքներին նորովի հաղորդակից դառնալու բացառիկ հնարավորություն։ Ուրախալի է, որ այս նախաձեռնությունը համախմբեց տարբեր համայնքների ու մարզերի տաղանդավոր պատանիներին՝ ստեղծելով համագործակցության և մշակութային երկխոսության կենդանի հարթակ»։ 

Իրենց արձագանքն ուղղեցին նաև մասնակից հաստատությունների տնօրեններն ու ներկայացուցիչները՝ բարձր գնահատելով ծրագրի կրթամշակութային նշանակությունը և դրա ազդեցությունը պատանիների ու երիտասարդների ստեղծագործական և հոգևոր զարգացման գործում։ Նրանց խոսքով՝ «Մշակույթի վարպետը» ծրագիրը ոչ միայն մրցութային հարթակ էր, այլև բարեկամության, համագործակցության և փորձի փոխանակման եզակի միջավայր, որտեղ տարբեր բնակավայրերից ժամանած պատանիները հնարավորություն ստացան ճանաչելու միմյանց, ներկայացնելու իրենց մշակութային ինքնատիպությունը և բացահայտելու ստեղծագործական նոր հնարավորություններ։ Խաչատուր Ավետիսյանի արվեստին նվիրված այս մշակութային ուղևորությունն ավարտվեց ջերմ և ոգեշնչող մթնոլորտում՝ ևս մեկ անգամ վկայելով, որ ազգային մշակույթը շարունակում է միավորել սերունդներին, համայնքներին և հայրենիքի տարբեր անկյուններում ապրող հայ երիտասարդությանը՝ մեկ գաղափարի շուրջ՝ պահպանել, արժևորել և շարունակել հայկական մշակութային ժառանգությունը։