«Խանջյանի արվեստը և մենք» խորագրով ցուցահանդես-ֆորում իրականացվեց «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում
«Խանջյանի արվեստը և մենք» խորագրով ցուցահանդես-ֆորում իրականացվեց «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում՝ նվիրված հայ կերպարվեստի մեծանուն վարպետ Գրիգոր Խանջյանի կյանքին և ստեղծագործական ժառանգությանը։ Միջոցառման նպատակն էր սաներին հաղորդակից դարձնել այն արվեստին, որն իր մեջ կրում է ազգային հիշողություն, պատմական խորություն և հոգևոր ուժ։ Գրիգոր Խանջյանի արվեստը հայ մշակույթի մեջ առանձնահատուկ տեղ ունի։ Նրա ստեղծագործությունները ոչ միայն գեղանկարչական բարձր արժեք ունեն, այլ նաև ազգային ինքնության արտահայտման յուրահատուկ լեզու են։ Սաները ներկայացրին նկարչի կենսագրությունը, ստեղծագործական ուղին և նրա առավել հայտնի աշխատանքները՝ անդրադառնալով դրանց գաղափարական բովանդակությանը, կոմպոզիցիոն կառուցվածքին և գունային մտածողությանը։ Միջոցառման կարևոր ու հուզիչ հատվածներից մեկը դարձավ ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին սաների անհատական և խմբակային աշխատանքները։ Յուրաքանչյուր աշխատանք իր մեջ կրում էր ազգային թեմաների յուրահատուկ մեկնաբանություն՝ արտահայտված մանկական անմիջականությամբ ու ստեղծագործական ազատությամբ։ Առանձնահատուկ նշանակություն ունեցավ խմբակային ստեղծագործական աշխատանքը, որի ընթացքում երեխաները ընտրեցին Գրիգոր Խանջյանի «Նատյուրմորտ նռերով» ստեղծագործությունը և այն վերարտադրեցին իրենց պատկերացումներով։ Նրանք հանդիսատեսին ներկայացրին ոչ միայն պատրաստի աշխատանքը, այլ նաև բացատրեցին դրա գաղափարական շերտերը, գույների լեզուն։ ծրագիրը սաների համար դարձավ ոչ միայն ստեղծագործական փորձ, այլ նաև հոգևոր ու մշակութային ճանաչման ճանապարհ, կարևոր հարթակ, որտեղ արվեստը վերածվեց երկխոսության՝ անցյալի ու ներկայի, մեծ վարպետի ու նոր սերնդի միջև։
English
Русский
Français