You are here

«Սուրբ Զատիկ՝ զատկական մշակույթ» համերգ-միջոցառում

Սուրբ Զատկից մինչև Հոգեգալուստ ընկած հիսուն օրերի շրջանը կոչվում է Հինունք կամ Հինանց շրջան, այսինքն` 50 օր, որոնք նվիրված են Հիսուս Քրիստոսի Հարությանը: Ինչպես Մեծ պահոց շրջանի կիրակիները, Հինունքի 7 կիրակիները նույնպես Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցով անվանակոչված են առանձին անուններով՝  Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ, Աշխարհամատրան կամ Կանաչ Կիրակի, Կարմիր Կիրակի, Երևման Խաչ, Համբարձում, Երկրորդ Ծաղկազարդ, Հոգեգալուստ:

Կրկնազատիկի տոնի հոգևոր խորհրդին հաղորդակից լինելու նպատակով «Ընտանիք» կենտրոնն իր հարկի տակ էր համախմբել ինչպես Շիրակի մարզի, այնպես էլ Արցախից տեղահանված և  կենտրոն հաճախող դեռահասներին։ Հոգևոր-մշակութային միջոցառումը մեկնարկեց՝ միասնական տերունական աղոթքով և Տեր Վարուժան քահանա Տերտերյանի հոգևոր խորհրդի մեկնությամբ։         

«Կրկնազատիկը նաև կոչվում է «Նոր կիրակի», որովհետև, Քրիստոսի Խաչելությամբ և Հարությամբ սկիզբ է դրվում Նոր Արարչությանը, ամեն ինչ վերստին է նորոգվում։ Կրկնազատիկ է կոչվում այդ օրը, քանի որ Տերն առաջին կիրակի օրը երևաց աշակերտներին և փարատեց նրանց կասկածներն իր հարության մասին:Անչափ կարևորում եմ և ողջունում «Ընտանիք» կենտրոնի նախաձեռնությունները, որոնք սաներին մոտ են պահելում հոգևոր արժեքներին, հաղորդակից դարձնում  հոգևոր տոների խորհուրդներին, ամեն բան ստացված է, երբ հավատով ես անում։ Ուրեմն կարևոր է, որ մենք հավատք ունենանք առ Տիրոջ և միասնական աղոթքով նորոգենք մեր հոգիները»,-ասել է Տեր Վարուժան քահանա Տերտերյանը։

Կենտրոնի պարարվեստի խմբակի սաները՝ հոգևոր-մշակութային միջոցառմանը հանդիսատեսին ներկայացրին Զատկական ծեսին առնչվող խաղիկներ, ասիկներ, ազգային երգ ու պարերով համեմված։

Միջոցառումն ամփոփվեց հյուրասիրությամբ՝ պատրաստված Զատկական ուտեստներով։

14/04/2023