Հետևեք մեզ.
thumb

«Գրչի և վրձնի վարպետները» խորագրով մշակութային փառատոն Իսահակյանի և Սարյանի հոբելյաններին նվիրված

«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում՝ «Գրչի և վրձնի վարպետները» խորագրով մշակութային փառատոնով ամփոփվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և կենտրոնի նախաձեռնությամբ իրականացված ծրագիրը՝ նվիրված հայ մշակույթի երկու հանճարեղ վարպետների՝ Ավետիք Իսահակյանի 150 և Մարտիրոս Սարյանի 145-ամյակներին։ Փառատոնին ներկա էին ծրագրի շրջանակում հայտարարված «Գրչի և վրձնի վարպետները» դեկորատիվ-կիրառական արվեստի և սարյանական գույներով նկարչական ստեղծագործական մրցույթի մասնակից կրթամշակութային կազմակերպությունները։ Մրցույթին մասնակցել էին հանրապետության բարձրադիր և սահմանամերձ մարզերի կրթամշակութային հաստատություններից ավելի քան 45 կազմակերպություն և շուրջ 250 ստեղծագործ սաներ։ Ըստ մրցույթի արդյունքների երեք լավագույն հեղինակային աշխատանքների ստեղծագործողներ ճանաչվեցին՝ Գորիսի, Մերձավանի և Երևանի ներկայացուցչությունները, խմբային լավագույն աշխատանքների հեղինակներ՝ Տավուշի, Լոռու և Երևանի հաստատությունները, իսկ պատվավոր Գրան պրի մրցանակին արժանացավ Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոցի տասներեքամյա աշակերտուհի՝ Մարիամ Միքաելյանը։ Մրցանակակիրները պարգևատրվեցին պատվոգրերով, գավաթներով և Սուրբ գրքերով, իսկ մյուս բոլոր մասնակիցներն արժանացան խրախուսական պատվոգրերի։ Ցուցադրվեցին նաև վերջիններիս աշխատանքները: Ծրագրի իրականացմանը նպաստած հաստատություններին հանձնվեցին շնորհակալագրեր՝ արդյունավետ և սերտ համագործակցության համար։ Փառատոնն ուղեկցվեց գեղարվեստական ելույթներով, որոնցով հանդես եկան նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի կրթամշակութային և երիտասարդական կենտրոնների խմբերը։ Միջոցառման ընթացքում «Ընտանիք» կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանն իր խոսքում ընդգծեց ծրագրի կրթադաստիարակչական նշանակությունը, խոսեց իրականացված քայլերի, ձեռքբերումների և մշակութային համագործակցության ընդլայնման մասին՝ կարևորելով նման ծրագրերի դերը պատանի սերնդի գեղագիտական դաստիարակության, ազգային արժեքների պահպանման և ինքնադրսևորման գործում։ Մասնակից հաստատությունների տնօրեններն ու ներկայացուցիչները նույնպես իրենց երախտագիտությունն ու գնահատանքը հայտնեցին կենտրոնի ղեկավարությանը՝ ընդգծելով ծրագրի առաքելության նշանակությունն ու այն կարևոր դերը, որ ունի դեռահասների և երիտասարդների հոգևոր ու մշակութային զարգացման գործընթացում։ Նրանց խոսքով՝ այս նախաձեռնությունը միավորել է տարբեր մարզերի և համայնքների պատանիներին՝ ստեղծելով ստեղծագործական շփման, փորձի փոխանակման և մշակութային հաղորդակցության հարթակ։ Ծրագրի ակտիվ մասնակիցների համար կազմակերպվեց ճանաչողական այց՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ և Երերույքի տաճար, ինչը դարձավ հայրենաճանաչության և գեղագիտական դաստիարակության յուրահատուկ դաս։
«Գրչի և վրձնի վարպետները» ծրագիրը դարձավ ազգային մշակույթի ճանաչման, երիտասարդների գեղարվեստական կրթության և ստեղծագործական միասնության խորհրդանշական կամուրջ՝ միավորելով Հայաստանի մարզերի և Ջավախքի երիտասարդ ստեղծագործողներին ու ամրապնդելով սերունդների միջմշակութային կապը։