««Նա չէր սիրում կրկնությունները, փորձերը։ Ամեն ինչ ծնվում էր տարերայնորեն, առանց խորիմաստ տքնության, սրտանց։ Հենց այստեղ էլ գոռում էր, ծիծաղում ու լաց լինում... «Կար-չկար մի Փարաջանով»։
Գարրի Կունցև
Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում։
ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում Մեծն մաեստրոյի հոբելյանին նվիրված բացվեց «Փարաջանովյան էտյուդներ» խորագրով ցուցահանդես: Գեղանկարչության, կվիլինգի, բատկայի խմբակների սաները ուսումնասիրել էին արվեստագետի ստեղծագործական աշխարհն իր առանձնահատկություններով: Հանդիսատեսին ներկայացվեց «Մաեստրո Փարաջանով» տեսաֆիլմ, որտեղ ներկայացված էր կինոռեժիսորի կյանքն ու ստեղծագործական ուղին:
Սաները հետաքրքիր գաղափարներով ու մոտեցմամբ էին անդրադարձել վարպետի կիրառական արվեստին: Փարաջանովին՝ Մաեստրո էին անվանում տաղանդի, հանճարեղ ֆիլմերի և կիրառական արվեստի այն նմուշների համար, որոնք ռեժիսորը ստեղծում էր օգտագործված նյութերից: Հենց այդ ձեռագրով էլ սաները ստեղծագործել էին՝ ներկայացնելով վերջինիս արվեստի կոլաժները, գրաֆիկական նկարները, հանրահայտ տիկնիկներն ու գլխարկները, որոնք համաշխարհային արվեստի հայացքներն ու գործունեության որոշակի ուղղվածությունն էին արտացոլում:
Փարաջանովը համաշխարհային կինոյում հսկայական ժառանգություն է թողել «Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը», «Հակոբ Հովնաթանյան», «Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով», «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին», «Աշուղ ղարիբ» ֆիլմերով: Նրա յուրաքանչյուր ֆիլմում խիստ արտահայտված են եղել հայկական մշակութային նոտաները, հնչերանգները, գույներն ու հիմնական բնորոշող նմուշները: Պարարվեստի խմբակի սաները պահպանելով փարաջանովյան մշակույթը բեմադրական պարով ներկայացրին արվեստագետի հույզերը, նրա ստեղծագործական աշխարհն ընկալելու առանձնակի մոտեցումները:
Գեղարվեստական ելույթներով հանդես եկան կենտրոնի՝ դուդուկի, դհոլի խմբակների սաները, ևս մեկ անգամ հարգանքի տուրքը բերելով Մեծն մաեստրոյի ստեղծագործական կյանքի ու թողած ժառանագության առաջ: