Ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնին նվիրված «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Գեղեցկությունը և նորաձևության սահմանը» խորագրով բաց դաս-միջոցառում։ Վարսավիրական արվեստի և Հագուստի մոդելավորման խմբակների սաներն համագործակցության արդյունքում տոնն էլ ավելի գունեղ դարձրեցին իրենց աշխատանքներով։ Վարսավիրական արվեստի խմբակի սաները ներկայացրեցին մազերի ներկման պատմությունը տարբեր ժամանակաշրջաններում։ Սաները՝ մանկավարժ Նինա Յայլոյանի օգնությամբ համապարփակ տեղեկատվություններ էին հավաքել վարսավիրական արվեստի և գեղեցկության չափորոշիչների մասին, ինչը ներկայացրեցին տեսասահիկի միջոցով: Ներկաները հարուստ տեղեկատվություն ստացան հնագույն ժամանակներից սկսած մինչև մեր օրերում ընդունված գեղեցիկի մասին իշխող պատկերացումների ու սանրվածքների մասին, որոնք ավելի պատկերավոր դարձան սահիկաշարով ներկայացվող նկարներով ու տեսանյութերով։ Բաց դասի ընթացքում կարևորվեց մասնագիտության արդիականությունը բոլոր ժամանակներում, սաների մոտ ամրապնդվեց այն գաղափարը, որ վարսահարդարի մասնագիտությունը արհեստ լինելուց բացի, հմուտ վարպետի ձեռքում դառնում է արվեստ ու տալիս ստեղծագործելու լայն հնարավորություն։ Սաները կատարեցին գործնական աշխատանք՝ ցուցադրելով սանրվածքների ոճային նմուշներ՝ համահունչ հագուստներին։ Հագուստի մոդելավորման խմբակի սաներն էլ ներկայացրեցին իրենց ձեռքով կարված հագուստները, նորաձևության գաղտինքները։ «Հագուստն ամբողջանում է, երբ համահունչ սանրվածք է ընտրված»․ երկու խմբակների համագործակցության արդյունքում սաները լավագույնս ներկայացրեցին նորաձևության ու ոճայինի սահմանգծման իրենց պատկերացումներն, որոնց մեջ ներառված էր բոլոր ժամանակների տեսքն ու ոճը:
07/04/2022