Երեխաները մեր ապագան են:
Նրանք պետք է լավ զինված լինեն`
հանուն մեր իդեալների մղվող պայքարի:
Ն. Կ. Կրուպսկայա
Հունիսի 1-ը հիշարժան ու բովանդակալից դարձնելու համար ԿԳՆ ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները մասնակցեցին տարաբնույթ միջոցառումների:
Օրվա առաջին կեսին Գյումրու Թատերական հրապարակում Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված քաղաքային տոնակատարությանը կենտրոնի դեռահասները հանդես եկան պարային ու երաժշտական ելույթներով, նկարչական աշխատանքների կատարման միջոցով ցուցադրեցին իրենց ձիրքն ու ստեղծագործական ունակությունները:
Տոնական մթնոլորտը շարունակվեց կենտրոնի բակում, որտեղ ‹‹Իմ փոքրիկ մոլորակ›› խորագրով միջոցառումը համախմբել էր հաստատության տարբեր խմբակների սաներին, ինչպես նաև թաղամասի նախակրթարանների փոքրիկներին ու բնակիչներին:
Միջոցառման նպատակն էր երեխաների օրը վերածել ուրախ հիշողություններով ու տպավորություններով լի տոնախմբության: Կենտրոնի բակում անցկացվեցին բազմաբնույթ միջոցառումներ՝ կավճանկարի ու նկարչության մրցույթներ, սպորտլանդիա, մանկական զվարճալի խաղեր: Սաները ներկայացան նաև անհատական ու խմբային գեղարվեստական ելույթներով: Զինվորի կերպարով փոքրիկների շուրթերից հնչած ռազմահայրենասիրական երգերն առանձնակի ջերմություն ու ոգևորություն հաղորդեցին ներկաներին:
Կենտրոնի փոխտնօրեն Ս. Պետրոսյանը շնորհավորեց փոքրիկներին ամենապայծառ ու գունեղ տոնի առթիվ, մաղթեց նրանց անհոգ ու խաղաղ մանկություն: Նա իր գոհունակությունը հայտնեց կենտրոնի մանկավարժներին ու ծնողներին ՝ անվախ ու քաջարի սերունդներ դաստիարակելու և կրթելու սրբազան առաքելության մեջ մեծ ներդրում ունենալու համար:
Միջոցառումն ավարտվեց տարբեր մրցույթների արդյունքում մրցանակային տեղեր գրաված սաներին մրցանակներ ու պատվոգրեր շնորհելով: Մրցանակներ հանձնվեցին նաև միջոցառման ակտիվ մասնակիցներին:
Միշտ ժպտացե՛ք, սիրելի՛ փոքրիկներ, ու ձեր ժպիտով գեղեցկացրեք նաև մեր՝ մեծերիս աշխարհը:
Հ. Սարգսյան