ՀՀ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնն իր հարկի տակ հյուրընկալել է տարիների գործընկերությունը, բարեկամական ամուր կամուրջ ստեղծած, Ջավախք աշխարհի հայապահպանության գործում մեծ ներդրում, ավանդ ունեցող՝ Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հարազատ դարձած գործընկերներին։
Ջավախքի Երիտասարդական կրթամշակութային հաստատությունների և Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի միջև փոխհամագործակցությունն ունի ավելի քան 10-ամյա պատմություն։ Այս տարիներին փորձի փոխանակման, մանկավարժների վերապատրաստման, ազգային արժեքների, միջմշակութային երկխոսության պահպանման նպատակով և՛ Ջավախքում, և՛ կենտրոնում կազմակերպվել են համատեղ բազմաբովանդակ միջոցառում-հանդիպումներ, այցելություններ։
Մշակութային նույն ոգով համագործակցությունն այժմ էլ շարունակվում է և վստահեցնում ենք, բարեկամական կամուրջի հիմքերը, որը տարիների պատմություն ունի, երբեք չի դադարելու, կրթամշակութային այն աշխատանքները, որի շուրջ երկուստեք համախմբվել են հստակ ուղերձ ունի՝ պահել ու պահպանել մեր ազգային դիմագիծը։
Երգն ու պարը արվեստի թերևս այն տեսակներն են, որոնց միջոցով արտահայտվում են մարդկային զգացմունքները, հույզերն ու ապրումները, և որոնց մեջ պահպանված են ազգային արժեքներն ու հայ ինքնությունը։ Հենց այս առաքելությամբ երկու կենտրոնների սաները հանդես եկան գեղարվեստական համատեղ ելույթներով։
««Ընտանիք» և «Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնների» համագործակցության պտուղները քաղցր են ու գնահատելի։ Շնորհակալ եմ այս համագործակցության համար, ինչն իսկապես խիստ անհրաժեշտ է։ Մեր սաները շատ են ցանկանում հաղորդակից դառնալ այն մշակույթին, որը դուք կրում եք, և շնորհակալ եմ , որ այդ մշակույթը նաև կիսում եք մեզ հետ։ Այս առումով մենք դեռ անելիքներ ունենք, և այս այցելությունից հետո սիրով սպասում ենք ձեզ։ Շնորհակալ ենք տնօրինությանը, Սվետլանա Պետրոսյանին, որ մշտապես կապի մեջ է մեզ հետ ու վստահ եմ այն կլինի շարունակական»,-ասել է «Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի» պատասխանատու՝ Կարինե Թադևոսյանը։
Ջավաքի ու Գյումրիի մշակութային համն ու հոտը մեկ բեմում էր, միջմշակութային հարթակում սաները լավագույնս ներկայացրեցին հայ մշակույթի գոհարները՝ երգը, պարը, հումորն ու պատմությունները։ Մշակութային համատեղ միջոցառումն ամբողջացավ միասնական ՝ Կառնո քոչարի պարային կատարումով։