You are here

Մեկնարկել է ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային միջոցառումների շարքը

Oգոստոսի 26-ից 28-ը  ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի առաջին փուլում «Ընտանիք» կենտրոնում անցկացվեցին՝ «Արտադպրոցական կրթության կարևորությունը և հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ։ Եռօրյա հագեցած տեսական և գործնական դասընթացներին մասնակցեցին Շիրակի մարզի 14 համայնքների և Ջավախքի կրթամշակութային հաստատությունների 20 մանկավարժներ։ Մասնակից մանկավարժներին «Ընտանիք» կենտրոնի օրինակով ներկայացվեց արտադպրոցական կրթական հաստատության մոդելի կազմակերպման առանձնահատկությունները, անհատական և շերտավոր դասավանդման կարևորությունը, լրացուցիչ կրթադաստիարակչական բնույթի գործունեության իրականացման մեթոդները։ Քննարկվեց, թե ինչու՞ է անհրաժեշտ համայնքներում իրականացնել արտադպրոցական լրացուցիչ կրթություն, ապահովել դեռահասների ազատ ժամանցի կազմակերպումն ու թե ինչպե՞ս նպաստել վերջիններիս ստեղծագործական ունակությունների, հմտություների բացահայտմանը, գեղագիտական, ֆիզիկական և ռազմահայրենասիրական դաստիարակության զարգացմանը և կիրառական գիտելիքների ձևավորմանը։ Տեսական դասընթացներին մասնակիցները կատարեցին ինքնուրույն և թիմային աշխատանքներ, կազմեցին կրթամշակութային ծրագրեր, աշխատանքային պլաններ։ Յուրաքանյուր թիմ ներկայացրեց իր աշխատանքը, կարևորելով այն մասնագիտությունները, որոնք համապատասխանում են իրենց համայնքների կարիքներին։ Գործնական դասերն անցկացվեցին կենտրոնի մասնագիտական խմբակներում, յուրաքանչյուր մասնակցի տրվեց անհատական մոտեցում սովորելու նախընտրած մասնագիտության հմտությունները։ Եռօրյա դասընթացն ավարտվեց կլոր սեղան քննարկմամբ, որին մասնակցեցին կենտրոնի մասնագիտական խմբերի մանկավարժները, քննարկեցին մասնակիցների հմտությունները, ձեռք բերած գիտելիքները, կիսվեցին արտադպրոցական կրթության իրենց փորձով, որոնք մանկավարժները հետագայում կարող են ծառայեցնել սեփական համայնքների դեռահասների զարգացման գործին։ Ծրագրի հաջորդ փուլում արդեն «Ընտանիք» կենտրոնի մասնագիտական խմբակները կայցելեն Շիրակի մարզի բարձրադիր, սահմանամերձ համայնքներ և Ջավախքի կրթակամշակութային հաստատություններ։ Դեռահասների համար կենտրոնի մանկավարժների և շնորհալի սաների կողմից կկազմակերպվեն ազգային արհեստի ու արվեստի, ՏՏ ոլորտի վերաբերյալ մասնագիտական կողմնորոշման դասեր։

29/08/2024