«Ընտանիք» կենտրոնում կայացավ «Երգեհոնահայր և երգեհոնահար» խորագիրը կրող համերգ
«Ընտանիք» կենտրոնում կայացավ «Երգեհոնահայր և երգեհոնահար» խորագիրը կրող համերգը՝ նվիրված հայ երգեհոնային կատարողական արվեստի հիմնադիր, անվանի մանկավարժ Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 95-ամյակին։
Միջոցառմանը մասնակցեցին «Ընտանիք» կենտրոնի երգեհոնի խմբակի սաները՝ հանդիսատեսին ներկայացնելով դասական երաժշտության հարուստ ու բազմաժանր կատարումներ։ Համերգը դարձավ հարգանքի տուրք հայ երգեհոնային դպրոցի հիմնադիրներից մեկի՝ Վահագն Ստամբոլցյանի վաստակին։
Համերգային ծրագրի ընթացքում հնչեցին Վիլյամ Ջելոկի, Քրիստիան Պետցոլդի, Յոհան Սեբաստիան Բախի և Անտոնիո Վիվալդիի հանրահայտ ստեղծագործությունները։
Միջոցառման ընթացքում ընդգծվեց երգեհոնի բացառիկ նշանակությունը համաշխարհային և հայկական երաժշտական մշակույթում։ Ներկայացվեց նաև Վահագն Ստամբոլցյանի անգնահատելի ներդրումը Հայաստանում երգեհոնային արվեստի զարգացման, երգեհոնային դպրոցի ձևավորման և դասական երաժշտության հանրահռչակման գործում։
Ծրագրի հիմնական նպատակն էր նպաստել երգեհոնային երաժշտության տարածմանն ու արժևորմանը, ձևավորել երիտասարդների երաժշտական ճաշակը, խթանել դասական արվեստի նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաև ներկայացնել երգեհոնը ոչ միայն որպես բացառիկ երաժշտական գործիք, այլև որպես ազգային մշակութային արժեք։
«Ընտանիք» կենտրոնը շարունակաբար կարևորում է դասական երաժշտության տարածումն ու երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակությունը՝ ստեղծելով միջավայր, որտեղ սաները հնարավորություն են ստանում բացահայտելու իրենց ստեղծագործական ներուժը, հաղորդակցվելու բարձր արվեստին և շարունակելու հայկական մշակութային լավագույն ավանդույթները։
English
Русский
Français