«Ընտանիք» կենտրոնում կայացավ «Տիգրան Մանսուրյանի հնչյունների մեջ շարժվող մարմինը» խորագրով գեղարվեստական միջոցառում
«Ընտանիք» կենտրոնում կայացավ «Տիգրան Մանսուրյանի հնչյունների մեջ շարժվող մարմինը» խորագրով գեղարվեստական միջոցառում նվիրված հայ ժամանակակից երաժշտության մեծանուն ներկայացուցիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական ժառանգությանը։
Միջոցառման մասնակիցներն էին կենտրոնի պարարվեստի խմբակի սաները, ովքեր բեմադրական ելույթների միջոցով ներկայացրին Մանսուրյանի երաժշտության գեղարվեստական խորությունն ու հուզական աշխարհը՝ այն վերածելով շարժման, պլաստիկայի և բեմական արտահայտչականության։
Ծրագրի նպատակն էր բացահայտել Տիգրան Մանսուրյանի երաժշտության ազդեցությունը պարարվեստի վրա, հանդիսատեսին պարգևել երաժշտության և շարժման համադրությամբ ստեղծված յուրահատուկ զգայական փորձառություն, ինչպես նաև նպաստել սաների ստեղծագործական մտածողության, բեմական մշակույթի և ժամանակակից հայկական արվեստի բազմաշերտ ընկալման զարգացմանը։
Համերգային ծրագրում ներկայացվեցին Տիգրան Մանսուրյանի հայտնի ստեղծագործությունների պարային բեմադրությունները՝ «Մեր մանկության տանգոն», «Սիրո մեղեդի», «Աշնան արև», «Կտոր մը երկինք» և «Հին օրերի երգը»։ Յուրաքանչյուր կատարում հանդիսատեսին փոխանցեց երաժշտության մեջ ամփոփված հիշողության, սիրո, կարոտի, հույսի և մարդկային զգացմունքների բազմազան երանգները՝ պարի լեզվով ստանալով նոր և ինքնատիպ մեկնաբանություն։
Միջոցառման ընթացքում ընդգծվեց, որ Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը վաղուց արդեն դարձել է ոչ միայն հայկական դասական և կինոարվեստի անբաժանելի մասը, այլև ստեղծագործական ոգեշնչման աղբյուր տարբեր արվեստների համար։ Սաների բեմական ելույթները վկայեցին, որ երաժշտությունը կարող է ոչ միայն հնչել, այլև արտահայտվել մարմնի շարժման, զգացմունքների և կերպարների միջոցով՝ ստեղծելով արվեստի ամբողջական և ազդեցիկ պատկեր։
Հանդիսատեսի ջերմ ընդունելությունն ու երկարատև ծափողջույնները դարձան լավագույն գնահատականը երիտասարդ պարողների կատարողական վարպետության և նրանց ստեղծագործական աշխատանքի համար։
English
Русский
Français