«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում անցկացվեց ««Փոքրիկ իշխանի այցը «Ընտանիք» մոլորակ» խորագրով կրթամշակութային ծրագիր
«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում անցկացվեց ««Փոքրիկ իշխանի այցը «Ընտանիք» մոլորակ» խորագրով կրթամշակութային ծրագիր, որի նպատակը էր ներկայացնել Էքզյուպերիի ստեղծագործության գաղափարական և իմաստային աշխարհը, խթանել սաների ստեղծագործական մտածողությունն ու հաղորդակցական հմտությունները։
Ծրագրին մասնակցեցին նաև «Հայկական Կարիտաս» ԲՀԿ Գյումրու «Փոքրիկ իշխան» երեխաների սոցիալական կենտրոնի սաները՝ ներկայացնելով «Ամենագլխավորը աչքով չես տեսնի. միայն սիրտն է սրատես» թեմայով իրենց շարադրություններն ու նկարչական աշխատանքները։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց տեսասահիկ, որն ընդգծում էր «Փոքրիկ իշխանի» փիլիսոփայական ուղերձները, կերպարների խորհրդանշական խորությունը և գրքում ներկայացված մարդկային արժեքների հավերժական գաղափարները։
Երկու կենտրոնների դեկորատիվ-կիրառական արվեստի խմբակների սաները ներկայացրին իրենց ստեղծած աշխատանքները, որոնցում արտացոլված էր Էքզյուպերիի հերոսների աշխարհը՝ ինքնատիպ գունային ու կոմպոզիցիոն լուծումներով։ Շարադրությունների և ստեղծագործական աշխատանքների հեղինակները պարգևատրվեցին շնորհակալագրերով, իսկ «Փոքրիկ իշխան» երեխաների սոցիալական կենտրոնի համակարգող՝ Աննա Մարտիրոսյանին շնորհվեց պատվոգիր՝ «Ընտանիք» կենտրոնի հետ արդյունավետ համագործակցության համար։
Ծրագրի արդյունքում ձևավորվեց համագործակցության կամուրջ երկու կենտրոնների միջև, խթանվեց փորձի փոխանակումն ու ստեղծագործական միջավայրի զարգացումը։ «Փոքրիկ իշխան» կենտրոնի համակարգող՝ Աննա Մարտիրոսյանն իր ելույթի խոսքում կարևորեց միջոցառման ուղերձն՝ ընդգծելով ընկերասիրության, պատասխանատվության և սիրո կարևորումը։
«Արվեստի ու ընթերցանության միջոցով ձևավորվող ստեղծագործական կրթությունը, որը նպաստում է ոչ միայն հմտությունների զարգացմանը, այլև մարդասիրական արժեքների դաստիարակմանը։ Այսպիսի ծրագրերը խորացնում են երեխաների աշխարհընկալումը և բարձրացնում գրականությանն ու արվեստին ունեցած սերը՝ վերաիմաստավորելով Էքզյուպերիի հավերժական պատգամները»,-ելույթի խոսքով միջոցառումն ամփոփեց կենտրոնի գեղարվեստական մասի ղեկավար Էլիզա Ֆրանգուլյանը:
Միջոցառման ավարտին մասնակիցներն իրենց տպավորություններով կիսվեցին «Փոքրիկ իշխանը» համատեղ ստեղծած ցուցապաստառին:
English
Русский
Français