Հետևեք մեզ.
thumb

Շիրակի մարզային գրադարանում կայացավ «Հայոց այբուբենը՝ մանրանկարչության շնչով» խորագրով ցուցահանդես

որը համատեղ կազմակերպել էին «Ընտանիք ՄՊՍ կենտրոն»-ի ստեղծագործական լրագրության և մանրանկարչության խմբակների սաները և Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները։

Միջոցառումը հայոց գրի, մանրանկարչության և կրթական համագործակցության գեղեցիկ դրսևորում էր՝ միավորելով մշակութային ժառանգության ուսումնասիրությունն ու ստեղծագործական աշխատանքը մեկ հարթակում։ Ցուցահանդեսի հիմքում հայոց այբուբենի գեղարվեստական մեկնաբանումն էր՝ միջնադարյան թռչնատառերի և կենդանատառերի ոճով։ Յուրաքանչյուր աշխատանք ուղեկցվում էր հեղինակային մեկնաբանությամբ՝ բացահայտելով միջնադարյան արվեստի ոճական շունչը ժամանակակից շեշտադրումների համադրությամբ։

Հնչեցին ասմունքներ՝ նվիրված հայոց գրին և Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին՝ ստեղծելով հանդիսավոր ու ոգեշնչող մթնոլորտ։ Սաները պատրաստել էին խորհրդանշական էջանշաններ՝ թռչնատառերով և բացատրական բովանդակությամբ, որոնք Սուրբ գրքի հետ միասին նվիրեցին մարզային գրադարանին։

Փոխադարձաբար գրադարանի տնօրենը «Ընտանիք» կենտրոնի գրադարանին նվիրեց Ռոբերտ Ենգիբարյանի «Օ՜, Մարի» գեղարվեստական ստեղծագործությունը։ «Ընտանիք» կենտրոնն, իր հերթին, տնօրեն Սեդա Գևորգյանին պարգևատրեց շնորհակալագրով՝ սերտ համագործակցության համար։

Միջոցառման ավարտին ելույթներով, հանդես եկան գրադարանի ներկայացուցիչները՝ կարևորելով նման նախաձեռնությունների դերը ազգային մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման գործում։

«Հայոց այբուբենը՝ մանրանկարչության շնչով» ցուցահանդեսը դարձավ ազգային արժեքների ճանաչման կարևոր նախաձեռնություն՝ միավորելով գիրն ու արվեստը մեկ ներշնչող գաղափարի շուրջ։

@հետևորդներ Շիրակի մարզային գրադարան