Արվեստ և ինժեներություն՝ գաղափարից արտադրանք
«Ընտանիք» կենտրոնի 3D մոդելավորման և արծաթագործության խմբակների սաներն ուսուցողական այց կատարեցին Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ: Օրը հագեցած էր և նվիրված արվեստի, ինժեներական մտքի համադրությանը։ Այցի ընթացքում սաները ծանոթացան ակադեմիայի «ՖաբԼաբ Հայաստան-Գյումրի թվային արտադրության միջազգային լաբորատորիայի գործունեությանը, ուսումնասիրեցին ժամանակակից 3D տպիչ սարքավորումների աշխատանքը, դրանց հնարավորություններն ու կիրառման ոլորտները։ Լաբորատորիայի մասնագետի ուղեկցությամբ սաները ծանոթացան մոդելավորման փուլերին՝ գաղափարի ձևակերպումից մինչև թվային մշակում և պատրաստի արտադրանքի ստացում։ Գործնական հատվածում սաները նախ էսքիզավորեցին իրենց գաղափարները, ապա դրանք վերածեցին եռաչափ մոդելների և 3D տպիչների միջոցով ստացան արդեն նյութական արդյունք։ Այս փուլը հատկապես ոգևորիչ էր, քանի որ յուրաքանչյուր մասնակից սեփական աչքով տեսավ, թե ինչպես է ստեղծագործ միտքը տեխնոլոգիայի շնորհիվ դառնում շոշափելի արտադրանք։ Այցի ավարտին ակադեմիայի դիզայի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ, դոցենտ՝ Տաթև Հարթենյանը սաների համար կազմակերպեց շրջայց ուսումնական հաստատությունում՝ ներկայացնելով առկա մասնագիտությունները, արվեստանոցները և ստեղծագործական միջավայրը։ Սաները հնարավորություն ունեցան ծանոթանալու տարբեր կրթական ուղղություններին, ուսումնական գործընթացին և ապագա մասնագիտական հնարավորություններին, ինչը կարևոր քայլ է մասնագիտության ընտրության և կողմնորոշման ճանապարհին։ Այցը դարձավ ոգեշնչող փորձառություն, որը ևս մեկ անգամ ընդգծեց արվեստի և ինժեներության ներդաշնակ համադրության կարևորությունը՝ գաղափարից մինչև պատրաստի արտադրանք տանող ճանապարհին։
English
Русский
Français