«Մշակույթի վարպետը» ծրագրի շրջանակում, նվիրված մեծանուն կոմպոզիտոր և քանոնահար Խաչատուր Ավետիսյան-ի ծննդյան 100-ամյակին, ծրագրի երկրորդ փուլը մեկնարկեց Ջավախք աշխարհի Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային հաստատությունում
«Մշակույթի վարպետը» ծրագրի շրջանակում, նվիրված մեծանուն կոմպոզիտոր և քանոնահար Խաչատուր Ավետիսյան-ի ծննդյան 100-ամյակին, ծրագրի երկրորդ փուլը մեկնարկեց Ջավախք աշխարհի Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային հաստատությունում՝ վերածվելով ազգային մշակույթի, հոգևոր արժեքների և արվեստի միավորման յուրօրինակ տոնի։ «Երաժշտություն, որ քայլում է մեզ հետ» խորագիրը կրող գեղարվեստական միջոցառումը համախմբել էր Նինոծմինդայի կրթամշակութային խմբակների սաներին ու մանկավարժներին։ Միջոցառման մեկնարկը տրվեց Սուրբ Սարգիս եկեղեցի այցելությամբ, որտեղ մասնակից սաները հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանից ստացան օրհնություն։ Եկեղեցու կամարների ներքո «Ընտանիք» կենտրոնի ակադեմիական վոկալի խմբավար Արևիկ Թանաշեանը կատարեց հոգևոր շարականներ՝ հաղորդելով օրվան խորքային խորհուրդ, հոգևոր ջերմություն և ազգային ինքնության շունչ։ Այնուհետև «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային հաստատությունում անցկացվեց համատեղ մշակութային միջոցառում, որի ընթացքում ներկայացվեցին ստեղծագործական ելույթներ ու գեղարվեստական համարներ։ Միջոցառմանը զուգահեռ կազմակերպվեց նաև «Արտացոլված մեղեդիներ» խորագրով թեմատիկ նկարչական պլեներ, որտեղ սաները փորձեցին կերպարվեստի միջոցով արտահայտել Խաչատուր Ավետիսյանի երաժշտության հուզական գունաշխարհն ու ազգային հնչերանգները։ Ծրագրի նպատակն է հանրահռչակել մեծ վարպետի հարուստ երաժշտական ժառանգությունը, սերունդներին փոխանցել ազգային մշակութային արժեքները և ձևավորել արվեստի հանդեպ ճանաչողական ու արժևորող վերաբերմունք։ Նինոծմինդայում կայացած միջոցառումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մշակույթն ու հոգևոր արժեքները միավորող ուժ ունեն՝ դառնալով սերունդների միջև ամուր կամուրջ և ազգային ինքնության պահպանման կարևոր հիմք։
English
Русский
Français