Իսահակյանական սեմինար՝ սերնդակիցների երկխոսություն գրչի և վրձնի շուրջ
Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքում կայացավ գրական սեմինար՝ նվիրված հայ ազգային գրականության ու գեղանկարչության երկու հսկաների՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150 և Մարտիրոս Սարյանի 145 ամյակներին։ «Վարպետը՝ վարպետների քաղաքում» խորագրի ներքո անցկացված սեմինարը միավորել էր գրականությունը, կերպարվեստն ու մանկապատանեկան ստեղծագործ մտքի աշխույժ դրսևորումները։ Սեմինարը վարեց գրականագետ, գրողների միության անդամ Կարինե Մարտիրոսյանն, ով իր մասնագիտական հայացքով և գրական խորագիտությամբ ներկայացրեց Ավետիք Իսահակյանի ստեղծագործության խորքերը, նրա լեզվամտածողության առանձնահատկությունները և հոգևոր արժեքները։ Սեմինարի ընթացքում շեշտվեց նաև Սարյանի աշխարհընկալման գունեղ փիլիսոփայությունը, և թե ինչպես է այն խաչաձևվում Իսահակյանի գրական կերպարների ներաշխարհի հետ։ Իսահակյանի բանաստեղծությունների ասմունքով հանդես եկան կենտրոնի սաները: Սեմինարն ունեցավ ոչ միայն ճանաչողական, այլև դաստիարակչական և ներշնչող նշանակություն՝ նպաստելով գրական մշակույթի փոխանցմանը սերունդների միջև։ Կարինե Մարտիրոսյանը մասնակիցների հետ քննարկեց նաև Իսահակյանի արժեքների արդիականությունը, հատկապես՝ խաղաղության, սիրո, հայրենասիրության գաղափարների տարածման անհրաժեշտությունը մեր ժամանակներում։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Ընտանիք» կենտրոնի նախաձեռնությամբ:
English
Русский
Français