«Երաժշտություն, որ քայլում է մեզ հետ». Տաշիրում արժևորվեց Խաչատուր Ավետիսյանի երաժշտական ժառանգությունը
Տաշիրի մշակույթի կենտրոնում կայացավ «Երաժշտություն, որ քայլում է մեզ հետ» խորագրով մշակութային միջոցառումը՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր, քանոնահար Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյակին։ Միջոցառումն իրականացվեց «Մշակույթի վարպետը» ծրագրի շրջանակում՝ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Երեկոն համախմբել էր արվեստասեր հանդիսատեսին, մշակույթի գործիչներին, մանկավարժներին և ստեղծագործական խմբերի սաներին՝ մեկ հարկի տակ միավորելով երաժշտությունը, պարը, կերպարվեստն ու ազգային մշակութային արժեքները։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունների հիման վրա ձևավորված բազմաժանր կատարումներ։
Բեմում համատեղ հանդես եկան Տաշիրի մշակույթի կենտրոնի, «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, Կաթնառատ համայնքի պարային և գեղարվեստական համույթները։ Ներկայացումները առանձնանում էին բարձր կատարողական վարպետությամբ, ազգային ոգու պահպանմամբ և երիտասարդ սերնդի ստեղծագործական ներուժի դրսևորմամբ։
Միջոցառման կարևոր բաղադրիչներից էր նաև կերպարվեստի ներկայացումը։ Հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու «Արտացոլված մեղեդիներ. արվեստների երկխոսություն դեկորատիվ ստեղծագործություններում» նկարչական պլեների շրջանակում ստեղծված աշխատանքներին։ Ցուցադրված ստեղծագործությունները, որոնք տեղում հեղինակում էին «Ընտանիք» կենտրոնի սաները, արտացոլում էին Խաչատուր Ավետիսյանի երաժշտական աշխարհը՝ գույների, ձևերի և ազգային խորհրդանիշների միջոցով։
Մշակութային երեկոյի ավարտին մասնակիցները միասնական շուրջ պար բռնեցի դհոլի և դուդուկի հնչյունների ներքո:
«Երաժշտություն, որ քայլում է մեզ հետ» ծրագիրը հերթական անգամ ընդգծեց Խաչատուր Ավետիսյանի արվեստի արդիականությունն ու նշանակությունը՝ ամրապնդելով մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման կարևորությունը։
English
Русский
Français