Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը
Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարին՝ «Տարվա իմ ներդրումը դեպի անվտանգ միջավայր» խորագրով միջոցառմամբ։
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Պաննո արվեստի տանը տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել է շուրջ 200 սովորող՝ Երևանից և մարզերից։ Միջոցառման ընթացքում խրախուսվել են հանրակրթական դպրոցների՝ նախապես ներկայացրած «Անվտանգ և ապահով կրթության տարի» խորագրով լավագույն տեսահոլովակների հեղինակները։
Ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Ժաննա Հարությունյանը:
Ողջունելով ներկաներին՝ նախարարը նախ շնորհավորել է երեխաներին հունիսի 1-ի առիթով՝ ընդգծելով՝ պատահական չէ, որ սեպտեմբերից հայտարարված Անվտանգ և ապահով ուսումնական տարվա աշխատանքների ամփոփումը կազմակերպվել է հենց այսօր: «Երեխաների պաշտպանությունն առաջին հերթին սկսվում է երեխաներին լսելուց՝ նրանց դարձնելով իրենց իրավունքների պաշտպանության և ապահովության ակտիվ մասնակիցը»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ անվտանգ և ապահով կրթական միջավայրի ձևավորումը երեխայի լիարժեք զարգացման առանցքային նախապայմաններից է։
«Անվտանգ և ապահով կրթության տարի» խորագրով տեսահոլովակների մրցույթի հաղթող դպրոցները պարգևատրվել են ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ստեղծագործական աշխատանքներով և տարբեր մշակութային հաստատությունների տոմսերով:
Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև Տեխնիկական ստեղծագործության կենտրոնի և «Ընտանիք կենտրոնի» սաների աշխատանքների Էքսպո ցուցահանդեսը:
English
Русский
Français