Թատրոնի միջազգային օրվան էր նվիրված ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունցած ‹Կյանքը թատրոն է…› միջոցառումը, որն իր շուրջն էր համախմբել բազմաթիվ թատերասերների, արվեստի ու մշակույթի գործիչների:
Կենտրոնի սաները բեմը ձևավորել էին տոնին համահունչ. յուաքանչյուր ետնավարագույր իր գունային լուծումներով, լացող ու ծիծաղացող դիմակներով ներկայացնում էր մեկ խորհրդանշական պատկեր, որտեղ արտացոլված էր կյանքի ու թատրոնի համադրումը:
Թատերական արվեստի խմբակի սաների կողմից ազատ, անկաշկանդ բեմական խաղով ցուցադրվեց իրական կյանք պատկերող տեսարան, որը աշխուժություն ու լիաթոք ծիծաղ առաջացրեց հանդիսատեսի մոտ:
Այնուհետև պոեզիայի թատրոնի խմբակի սաները ներկայացրեցին հայ թատրոնի տարեգրության պատմությունը՝ սկսած վաղնջական ժամանակներից: Միջոցառման ընթացքում հիշեցին և սահիկահանդեսի միջոցով ցուցադրեցին թատրոնի երախտավորներին, լսեցին հետաքրքրաշարժ պատմություններ նրանց մասին:
Կենտրոնի տնօրեն՝ Արթուր Մինասյանը գոհունակության խոսքեր հղեց պատանի <դերասաններին>, շնորհավորեց ներկա գտնվող թատրոնի նվիրյալներին՝ թատրոնի միջազգային օրվա առթիվ, մաղթելով նրանց բեղուն ստեղծագործական աշխատանք և նորանոր հաջողություններ:
Օրը հագեցած էր բեմական ուրախ տրամադրությամբ: Ներկաներն իրենց հետ տարան այն գեղեցիկ ու լավ տպավորությունները, որ ստացան <Կյանքը թատրոն է…, իսկ մենք ՝դերասաններ> միջոցառումից:
Մ. Խաչատրյան