Հետևեք մեզ.

Թատերական արվեստ

Սովորողների տարիքային խումբը՝ 6-ից 18 տարեկան
Սովորողների քանակը ՝ 12-ից ոչ պակաս
Պարապմունքների տևողությունը `1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝ 6 դասաժամ
Ուսուցման տևողությունը ՝ երկու տարի

Թատերական արվեստը ազգային հոգևոր մշակույթի մի մաս է:  Թատրոնը կապող օղակ է հանդիսանում գրականության, երաժշտության, նկարչության, պարարվեստի միջև, այն մեծապես նպաստում է մարդու բազմակողմանի զարգացմանը։ Խմբակի ուսուցումը նպաստում է սաների ճանաչողությանը՝ հայ թատերագրության գեղարվեստական մնայուն արժեքներին, թատերական մշակույթի սկզբնավորմանը և հետագա զարգացմանը: 
Թատերական խմբակում սաները սովորում են մարմնավորել և կերտել տարբեր կերպարներ, տիրապետել բեմական խոսքի կուլտուրային, բեմական կեցվածքին, դիմախաղի, շարժուձևի  և խոսքի ճիշտ զուգակցմամբ  մտնել դերի  մեջ, արտահայտել իրենց մտքերը, հույզերն ու զգացմունքները, զարգացնել երևակայությունը, հղկել ձայնը, մշակել առոգանությունը, ազատվել բարդույթներից։ Կուսուցանվեն տրամաբանական ընթերցանության կանոններ, կերպարի ամբողջականության, բեմում ինքնադրսևորվելու, դահլիճի հետ հաղորդակցվելու, տեսախցիկի առջև աշխատելու հմտություններ: Թատերական արվեստը ուսուցանում է տարբերել չարն ու բարին, գնահատել գեղեցիկն ու արժևորել արվեստի գործիչներին:
Թատրոններ այցելություններից, ներկայացումների դիտումներից հետո, պարտադիր անցկացվում են քննարկումներ, կերպարների վերլուծություններ։ Սաներին հնարավորություն է տրվում իրենց մտքերն և գաղափարները օգտագործել նոր պիեսները  բեմադրելու մեջ։

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Ուսուցման գործընթացը իրականացվում է տեսական պարապմունքների և գործնական աշխատանքների միջոցով: Յուրաքանչյուր սովորողին ցուցաբերվում է նաև անհատական մոտեցում,  հաշվի առնելով՝ կարողությունները, ընկալման առանձնահատկությունները: 
Ուսուցման ընթացքում կիրառվում են հետևյալ մեթոդները՝ խոսքային, պատմելու, դերային խաղ,  ընթերցանություն, բեմականացումների ցուցադրում, մտքերի գրավոր և բանավոր արտահայտում, երկխոսություն:
Անցկացվում են բաց դասեր, մշակութային բնույթի ֆիլմերի դիտումներ, ճանաչողական այցեր, էքսկուրսիաներ, քննարկումներ, այցելություններ թատրոներ, հանդիպումներ թատերական գործիչների հետ:

ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ.

Ծրագրի շրջանակում սովորողները պետք է ՝

  • իմանան թատերական խաղերի և ներկայացումների առանձնահատկություններն ու դրանց դրսևորման ձևերը, 

  • կարողանան տիրապետել սցենարներ գրելու տեխնիկային, բեմադրեն էտյուդներ և հանդես գան թատերական ներկայացումներով,

  • ձեռք բերեն բեմական խոսքի վարպետություն,

  • տիրապետեն բեմական շարժմանը և մնջախաղին,

  • կարողանան ճիշտ արտահայտեն հույզերն ու զգացմունքները, ճիշտ մատուցեն խոսքը՝ համադրելով դիմախաղի և շարժուձևի հետ: