Հետևեք մեզ.
thumb

Մեդիագրագիտություն

Սովորողների տարիքային խումբը՝ 13-ից 18 տարեկան
Սովորողների քանակը ՝ 8-ից ոչ պակաս
Պարապմունքների տևողությունը `1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝ 8 դասաժամ
Ուսուցման տևողությունը ՝ երկու տարի

Խմբակը  սովորողների համար ստեղծում է միջավայր և հնարավորություն՝ ավելի լավ հասկանալու մեդիա դաշտը: Սաները սովորում են քննադատորեն վերլուծել, գնահատել, ստուգել մեդիայի ուղերձները, նաև ստեղծել ու տարածել լուր՝ իրենց սովորածը վերածելով մեդիա նյութերի։ 
Հնարավորություն է տրվում ավելի մեծ լսարան ապահովել քննադատական մտածողության ու վերլուծության, կամ ապատեղեկատվության ստուգման թեմաներին, մեդիա նյութի ստեղծման բաղադրիչին, համագործակցություն վստահելի, էթիկական ու որակյալ լրատվամիջոցի կամ լրագրողի հետ: Դասերին կներառվեն լրագրության, խոսքի ազատության ու մեդիայի մասին ֆիլմերի դիտում-քննարկումներ։ 
Կարևոր է տարվա ընթացքում հիմնել կենտրոնի խմբակների առօրյայի մասին պատմող թերթ/բլոգ/ փոդքասթ, յություբյան ալիք, որը կվարեն հենց խմբակի սաները, որոնք կստեղծեն կրթական, տեղեկատվական, ճանաչողական ու ժամանցային նյութեր, նաև կքննարկեն լուրջ ու սուր խնդիրներ։
Մեդիան սոսկ տեղեկությունների շրջանառման միջավայր չէ. այն ձևավորում է հասարակական կարծիք, ազդում է մարդկանց, հատկապես` երեխաների ու պատանիների վարքագծի, որոշումների, աշխարհայացքի և նախասիրությունների վրա: Լուր սպառողը պետք է զինված լինի համապատասխան գիտելիքով` տեղեկատվական դաշտում ճիշտ կողմնորոշվելու համար:
Մեդիակրթության դասերը կանցկացվեն երեք փուլերով. առաջին փուլում սպառողը գիտակցում է, որ «մեդիա դիետան» անհրաժեշտություն է, որ պետք է սահմանափակել հեռուստացույցի կամ համակարգչի էկրանի առջև անցկացրած ժամանակը, ավելի քիչ համակարգչային խաղեր խաղալ կամ ամսագրեր թերթել:
Երկրորդ փուլում սանը սկսում է քննադատաբար մոտենալ մեդիային ու սովորում է վերլուծել ԶԼՄ-ների աշխատանքը, դրանց ասելիքը, հաղորդվող տեղեկությունները:
Երրորդ փուլն արդեն ավելի խորքային վերլուծություն է ենթադրում. ո՞վ    է պատրաստում այն մեդիա «ապրանքը», որ մենք սպառում ենք, ի՞նչ նպատակ են հետապնդում արտադրողները, ո՞ւմ է ուղղված  ասելիքը, ո՞վ է այս ամենից շահում, ո՞վ է տուժում... Այսինքն` սոցիալ-տնտեսական-քաղաքական վերլուծության ենք  ենթարկում  մեր  տեսածը,  լսածն ու կարդացածը:

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Ծրագիրն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների ո գործընթացով՝ օրվա լրահոսի հետևում, լրատվական և սոցիալական կայքների բովանդակային ուսումնասիրություն, վերլուծական, հետազոտական նյութերի և սոցիալական կայքերի  ուսումնասիրություն: 
Դասընթացի ընթացքում կիրառվում են հարցազրույցներ, հետազոտություն, ինֆոգրաֆիկների,  տեսաձայնային  նյութերի  ստեղծում տարբեր թեմատիկաներով․ մեդիագրագիտության թեմայով ճանաչողական կրթական ռեսուրսի ստեղծում (խաղ, հաղորդում, թերթոններ, տեսնայութերի կամ փոդքասթի շարք…), համայնքային  որևէ  թեմայով  (օրինակ,  ճանապարհների  անսարքություն, աղբահանություն,  դպրոցի  բարեկարգում,  երիտասարդության  ժամանցի, զբաղվածության խնդիրներ) լրագրողական նյութերի պատրաստում, որեւէ  լրատվամիջոցի/ների,  հեռուստաընկերության  կամ ռադիոյի,  աշխատանքի  ուսումնասիրություն,  մոնիտորինգ,  որի  արդյունքում այդ  լրատվամիջոցին  ուղղված  նամակ  է  պատրաստվում՝  սաների դիտողություններով  ու  առաջարկներով,  վերլուծությամբ,  հանդիպում  այդ լրատվամիջոցի հետ։ 

ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ծրագրի շրջանակում սովորողները պետք է ՝

  • ճանաչեն  մեդիան  ու  դրա  բազմազան  կիրառությունը,  կարողանան նկարագրել ու բացատրել դրա դերն իր և ուրիշների կյանքում,

  • կարողանան  ներկայացնել  պատմության  մեջ  մեդիայի  ազդեցությունը, տարբերել հաղորդակցության տեսակները, շղթաներն ու մոդելները,

  • կարողանան գրել և կարդալ, վերլուծել տեքստեր, պատեկացնեն տպագիր մամուլի դերը,

  • տարբերեն   սոցցանցային   հարթակները,   յուրահատկությունները, տարիքային     սահմանափակումները,     գնահատեն     դրանց     ռիսկերն ու հնարավորությունները,   

  • կարողանան   կիրառել   ցանցերը   հանրության օգուտի, կրթության և հաղորդակցության համար,

  • կարողանան բացատրել, թե ո՞վ է լրագրողը և ո՞րն է նրա առաքելությունը,

  • կարողանան տարբերել լրագրողական աշխատանքը սոցցանցային, բլոգային հրապարակումից և գնահատեն անկախ ու որակյալ լրագրության դերը հասարակությունում։